2020-ի սեպտեմբերի 26-ին Հայաստանի նախկին վարչապետ Արամ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Ինչ մոտեցում ունի Նիկոլ Փաշինյանը խնդրի լուծման մանրամասների առումով՝ չգիտեմ, բայց որ նա Արցախի կարգավիճակն ամուր պահող է ու միայն փաթեթային լուծման կողմնակից, կասկած չունեմ»:
Սեւ ժամանց
Արցախի նախագահը մասնակցում է Ստեփանակերտի օրվա միջոցառումներին՝ ծաղիկներ «խոնարհելով» խորհրդային անվանի գործիչ Ստեփան Շահումյանի հուշարձանին: «Այս անգամ մայրաքաղաքի տոնն արժեւորում ենք արդի պահանջներին համապատասխան պատանեկան մարզաառողջարանային պարապմունքների եւ ժամանցի կենտրոնի կառուցման մասին հայտարարությամբ»,- նույն օրը ֆեյսբուքյան իր էջում գրում է Արայիկ Հարությունյանը:
Նիկոլ Փաշինյանի «ատոմային ռումբը»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է, որ հարցազրույց է տվել Պետրոս Ղազարյանին, որում բացահայտել է կոնֆիդենցիալ հանգամանքներ։ «Ոչ թե մտացածին «կոնֆիդենցիալ», այլ իրական կոնֆիդենցիալ»,- գրում է նա՝ նկատի ունենալով օրերս «haqqin.az»-ի մեծ աղմուկ հանած հրապարակումն այն մասին, թե 2018 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով գաղտնի բանակցություններ են սկսվել Ադրբեջանի հետ:
Հայկական կողմից որպես բանակցող haqqin.az-ը նշել էր «Ալիք Մեդիա» հարթակի հիմնադիր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանի անունը։ Խառատյանը, սակայն, հերքել էր այդ փաստը:
Փաշինյանի հարցազրույցն այդպես էլ եթեր չի գնում:
Փողի վրա նստած փող են ուզում
Հայկական մամուլը գրում է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը Կառավարության հաստատմանն է ներկայացրել նախագիծ, որով առաջարկել է մոտ 10 միլիարդ դրամով ավելացնել նախարարությանը տրված ֆինանսավորումը:
Ամերիկայից ավելի լավ է երեւում
ՀՀ-ում եւ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանություններն իրենց քաղաքացիներին կոչ են անում խուսափել հայ-ադրբեջանական սահման այցելելուց: Դեսպանությունը նաեւ կոչ է անում չայցելել Լեռնային Ղարաբաղ: Իսկ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին հորդորում է խուսափել Թովուզի եւ Ղազախի շրջաններ այցելություններից:
Պոմպեյի նախավերջին օրը
Հայհիդրոմետը տեղեկացնում է, որ վաղվանից ՀՀ-ում սպասվում է անամպ եղանակ:
Վերջին ակորդ
Սեպտեմբերի 20-26-ը հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց: «ՊԲ առաջապահ ստորաբաժանումները տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը եւ անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար»,- գրված է Արցախի պաշտպանության բանակի տարածած հաղորդագրության մեջ: