Ալյոշա Մանվելյան, BBC — Լեռնային Ղարաբաղի ղեկավարության վերջին հայտարարություններում ասվում է, որ Հայաստանի եւ Ղարաբաղի մոտեցումներում տարաձայնություններ կան Մինսկի խմբի եռանախագահության ներկայացված առաջարկությունների նկատմամբ։ Կարո՞ղ եք արդյոք պարզաբանել այդ տարաձայնությունները։
Լեւոն Տեր-Պետրոսյան — Ես չէի ասի, որ Ղարաբաղի հարցի լուծման կամ Ղարաբաղի ճակատագրի վերաբերյալ Հայաստանի եւ Ղարաբաղի տեսակետների միջեւ տարբերություններ կան։ Ո՛չ, թե՛ Հայաստանը, թե՛ Ղարաբաղը ցանկանում են, որ ղարաբաղցին լինի անվտանգ, ազատ, որ ունենա նորմալ կենսագործունեության հնարավորություն, որ օգտվի մարդու այն բոլոր իրավունքներից, որոնցից օգտվում է ցանկացած եվրոպական ազգ, որովհետեւ ղարաբաղցին ոչնչով պակաս չէ գերմանացուց, ֆրանսիացուց, որպեսզի նրա ազատությունը սահմանափակվի։
Այս հարցում որեւէ տարաձայնություն գոյություն ունենալ չի կարող։
Տարաձայնություն կարող է լինել կարգավորման ընթացքի, մեթոդոլոգիայի նկատմամբ։ Գաղտնիք չէ, իհարկե, կան տարաձայնություններ։ Զարմանալի կլիներ, որ նման տարաձայնություններ չլինեին։ Սա երբեմն միջնորդներն անգամ չեն ուզում տեսնել, նույնիսկ մտածում են, թե ինչ-որ խաղ կա, որ Հայաստանն ու Ղարաբաղը ցույց են տալիս, թե իբր ունեն տարաձայնություններ, բայց իրականում նրանք գործում են միասնաբար։
Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի ասուլիսը 26 սեպտեմբեր, 1997։
Բայց սա սխալ է, որովհետեւ նման մյուս հակամարտությունների փորձն էլ ցույց է տալիս, որ հակամարտության բոլոր կողմերն աստիճանաբար, եթե ոչ միանգամից, դառնում են ինքնուրույն քաղաքական գործոններ։ Ես գիտեմ, այո՛, շատ լուրջ տարաձայնություններ կան նաեւ Դենքթաշի եւ Դեմիրելի միջեւ, Հյուսիսային Կիպրոսի եւ Թուրքիայի միջեւ։ Մենք հիշում ենք այն լուրջ տարաձայնությունները, որ կային Միլոշեւիչի եւ Կարաջիչի միջեւ։
Դա բնական է, Ղարաբաղը շատ լուրջ քաղաքական գործոն է։ Կա ժողովուրդ, կան ընտրյալ իշխանություններ, ունի հզոր, հաղթական բանակ։ Ինչո՞ւ պիտի Ղարաբաղը քաղաքական գործոն չլիներ եւ ինչո՞ւ պիտի իր ձայնը չունենար ոչ միայն Ադրբեջանի ու միջնորդների հետ խոսելիս, այլ նաեւ Հայաստանի հետ խոսելիս։
Ես սա շատ բնական եմ համարում։ Բայց, միաժամանակ, ունենալով տարաձայնություններ, ունենալով երբեմն լարված պահեր, մենք միշտ կարողացել ենք համագործակցել, եւ ընդհանուր առմամբ այս տարիների ընթացքում մենք կարողացել ենք գտնել ընդհանուր եզրեր։
Այսօր էլ, այո՛, կան տարբերություններ։ Շատ մեծ գաղտնիք բացած չեմ լինի, եթե ասեմ, որ ընդհանրապես Ղարաբաղի հարցի լուծման հինգ տարբերակ գոյություն ունի.
- Ստատուս-քվոյի կամ այսօր գոյություն ունեցող վիճակի հավիտենական պահպանումը։
- Հայաստանի եւ Ղարաբաղի կողմից, որպես վերջնագիր, Ղարաբաղի անկախության պահանջը կամ Ղարաբաղի միացումը Հայաստանին։ Ենթադրենք՝ ամբողջ աշխարհին ներկայացվում է նման վերջնագիր. միայն այս լուծումը եւ ուրիշ ոչինչ, որի դեպքում, իհարկե, Ղարաբաղը պատրաստ կլինի վերադարձնել գրավված տարածքները։
- Հաջորդ տարբերակը պատերազմն է, եթե, իհարկե, Ղարաբաղն ի վիճակի է ծնկի բերել, այսինքն՝ կապիտուլյացիայի ենթարկել Ադրբեջանին։
Դո՛ւք դատեք առայժմ այս երեք տարբերակների իրական լինել-չլինելու մասին։ Դրանից հետո կխոսեմ ավելի իրական տարբերակների մասին։
Նախ՝ ստատուս-քվոյի պահպանումը. ինչպե՞ս եք դա պատկերացնում։
Ես արդեն նշեցի շրջափակման հետեւանքով Հայաստանի համար առաջացած դժվարությունները։ Դրան պետք է գումարել միջազգային հանրության հանգամանքը. ի՞նչ է, միջազգային հանրությունը թույլ է տալու, որ 20 կամ 30 տարի պահպանվի՞ այս վիճակը։ Դա բացառված է, եւ միջազգային հանրությունը կգտնի ձեւեր, միջոցներ՝ այնքան խեղճացնելու մեզ, որ ոչ միայն չկարողանանք ձեռք բերել այն, ինչ որ այսօր կարող ենք ձեռք բերել փոխզիջումների ճանապարհով, այլ շատ ավելի վատ վիճակի մեջ ընկնել։
Այդպես եղավ Բոսնիայում։ Եթե Բոսնիայի սերբերը մեկ տարի առաջ համաձայնեին այն լուծմանը, որ նրանց առաջարկվում էր, այսօր նրանք շատ ավելի լավ վիճակում կլինեին, եւ Խորվաթիայում կպահպանվեր սերբական Կրաինան։
Ամեն ինչ կորցրին։ Ուրեմն՝ ես չեմ գտնում, որ ստատուս-քվոն ռեալ է պահպանել։ Գուցե կարելի է համառել, կես տարի էլ, մեկ տարի էլ ձգձգել, բայց ի վերջո աշխարհի համբերության բաժակը կլցվի։
Երկրորդ՝ պահանջել միայն ու միայն անկախություն կամ միացում Հայաստանին եւ ուրիշ ոչ մի տարբերակ չընդունել։ Սա, ըստ էության, նույն բանն է։ Սա վերջնագիր է, եւ այս դեպքում միջազգային սանկցիաները շատ ավելի ազդեցիկ եւ էֆեկտիվ կլինեն։
Եվ երրորդ՝ պատերազմով, կարծում եմ, անհնար է, որ Ղարաբաղը կարողանա ծնկի բերել Ադրբեջանին, որովհետեւ դրա համար պետք է գրավի Բաքուն։ Սակայն եթե նա փորձի ոչ թե Բաքուն, այլ թեկուզ մեկ շրջան էլ գրավել, աշխարհը դա թույլ չի տա։ Կա մի սահման, այդ սահմանից այն կողմ արդեն համբերությունը հատնում է։
Մնում է երկու տարբերակ. մի տարբերակը հարցի փուլ առ փուլ լուծումն է, մյուսը՝ փաթեթային։ Եթե հարկ կա, կարող եմ մեկնաբանել։
Փաթեթային եւ փուլային տարբերակների մասին
Նախ սկսեմ փաթեթային լուծումից, որովհետեւ փուլ առ փուլը, կարելի է ասել, դրա ավելի երկարաձգված տարբերակն է։ Փաթեթայինը ենթադրում էր, որ միաժամանակ լուծվում են ե՛ւ գրավված տարածքների վերադարձման հարցը, բացի Լաչինի շրջանից, ե՛ւ խաղաղարար ուժերի տեղադրումը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին, ե՛ւ շրջափակումների վերացումը, ե՛ւ փախստականների վերադարձը իրենց բնակավայրերը, ինչպես նաեւ՝ բուֆերային, անջատիչ ու ոչ թռիչքային գոտիների ստեղծումը Ղարաբաղի ու Ադրբեջանի սահմանում։
Դրանք չափազանց լայն գոտիներ են։ Սա հարցի փաթեթային լուծման մի մասն էր։ Մյուս մասը Ղարաբաղի կարգավիճակի ճշտումն է։
Սա լուծման մեկ մեթոդոլոգիան է, եւ, կրկնում եմ, գաղտնիք չեմ բացի, եթե ասեմ, որ առաջին անգամ համանախագահները ներկայացրել էին նման՝ փաթեթային լուծման ծրագիր։ Առաջին մասի նկատմամբ, ըստ էության, ոչ ոք լուրջ տարաձայնություններ չուներ։ Երկրորդը՝ կարգավիճակը, կտրականապես մերժելի էր Ղարաբաղի համար եւ նույնքան կտրականապես մերժվեց Ադրբեջանի կողմից։
Ադրբեջանը թյուր տպավորություն է ստեղծում, եւ, կարծես թե, միջնորդներն էլ շահագրգռված են այդ տպավորությունը տարածելու, որ իբր իրենք ընդունել են միջնորդների ներկայացրած առաջին ծրագիրը։ Այդպես չէ։ Ադրբեջանը նույնքան կատեգորիկ, կտրականապես մերժել է այդ ծրագիրը, ինչպես Լեռնային Ղարաբաղը։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այն ունեցել է շատ լուրջ վերապահումներ եւ այդ վերապահումները ներկայացրել է միջնորդներին։
Ըստ էության՝ ի՞նչ տեղի ունեցավ։
Միջնորդներն էլ, մենք բոլորս էլ համոզվեցինք, որ այսօր Ղարաբաղը եւ Ադրբեջանը պատրաստ չեն քննարկել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, որովհետեւ նրանցից յուրաքանչյուրն ունի այդ կարգավիճակի մասին իր սեփական պատկերացումը, որը կտրուկ հակադրվում է հակառակորդի տեսակետին։
Այս հարցում բոլորը համոզվեցին։ Եվ դրանից հետո, ես կարծում եմ, ընտրվեց միակ իրատեսական մոտեցումը. եթե լուծման նման տարբերակը չի ընդունվում, այսինքն՝ իրագործելի չէ, այսօր պետք է փորձ կատարել իրագործել լուծման «փուլ առ փուլ» տարբերակը։
Ըստ էության այդ փուլերն ընդգրկում են այն երկու բաղադրամասերը, որ կային փաթեթային լուծման ժամանակ, բայց դրանք ժամանակի մեջ իրարից հեռացվում են։ Առաջին փուլում իրականացվում է այն, ինչ ես ասացի, իսկ կարգավիճակի հարցն, ըստ էության, հետաձգվում է մինչեւ այն ժամանակը, քանի դեռ չի իրականացել եւ չի կիրառվել առաջին փուլը։
Այսօր ես կարող եմ միջնորդների նոր առաջարկը դիտել որպես «փուլ առ փուլ» մոտեցման առաջարկ։ Եղել են հայտարարություններ, թե իբր Ադրբեջանում դա արդեն ողջունել են եւ այլն, եւ այլն։ Չգիտեմ։ Ես չեմ ուզում շտապել։ Ես չեմ հավատում այդ ողջույններին, մինչեւ չլինի գրավոր պատասխանը։ Բայց պայմանավորվածություն կա, որ երկու-երեք շաբաթվա ընթացքում բոլոր կողմերն իրենց գրավոր կարծիքը պետք է հայտնեն միջնորդների այս վերջին առաջարկի վերաբերյալ։
Դրանից հետո միջնորդները կքննարկեն այս կարծիքները, եւ եթե տեսնեն, որ կողմերի մոտեցումներն ընդհանրություններ ունեն, դա կդիտվի որպես բանակցությունների հիմք։ Իհարկե բացարձակ ընդհանրություն չի կարող լինել, եւ դա բնական է։ Նույնիսկ թռուցիկ հայացքով երեւում է, որ կան լուրջ վերապահումներ, եւ մենք էլ ստիպված պիտի լինենք վերապահումներ կատարել։ Դա կանեն բոլոր կողմերն էլ, բայց եթե միայն վերապահումներով սպառվի գործը, իսկ հիմնականում կողմերն ավելի շատ ընդհանրություններ դրսեւորեն, ես վստահ եմ՝ դա արդեն իրոք կդիտվի բանակցությունների հիմք։
Ես խնդրում եմ ուշադրություն դարձնել այս բառի վրա, չշփոթել կարգավորման հիմքի հետ, մի բան է բանակցությունների հիմքը, մի բան՝ կարգավորման հիմքը։
Կարծում եմ, սա այն միջոցն է, որը ե՛ւ միջնորդների գործն է թեթեւացնում, ե՛ւ հակամարտող կողմերի դեմքն է փրկում։ Նրանց հնարավորություն է տալիս կառուցողականություն դրսեւորել, սկսել բանակցությունները, բայց դեռեւս լուրջ պարտավորություններ չստանձնել՝ առաջարկներն ընդունելով ընդամենը որպես բանակցությունների, այլ ոչ թե որպես կարգավորման հիմք։
Եթե գտնվի ընդհանրությունների մի այնպիսի կրիտիկական մասսա, որը հնարավորություն կտա սկսել բանակցությունները, ես կարծում եմ՝ դա կհաջողվի։ Մի քիչ էլ համբերենք, եւ մեկ ամսվա ընթացքում պարզ կլինի՝ արդյո՞ք հաջողվում է այս առաջարկի իրականացումը, թե՞ կրկին կողմերի տեսակետներն այնքան հակադիր են, որ պետք է նորից մտածել եւ շարունակել մաքոքային դիվանագիտությունը, մինչեւ գտնվի բանակցությունների հիմքը։