Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ 2022-ին Ադրբեջանի զինդատախազությունը քրեական գործ է հարուցել մարդկության դեմ հանցագործությունների, այդ թվում՝ «ադրբեջանցիների դեմ Հայաստանի զինված ուժերի կողմից կատարված ռազմական հանցագործությունների» առնչությամբ։
297 անձի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 103-րդ (ցեղասպանություն), 113-րդ (խոշտանգում), 115-րդ (պատերազմի օրենքների եւ սովորույթների խախտում), 116-րդ (միջազգային մարդասիրական իրավունքի խախտում զինված ընդհարումների ժամանակ) հոդվածներով։ Ցանկում բոլոր ընդգրկվածները համարվում են հետախուզման մեջ գտնվող։
Ցուցակում ընդգրկված ԼՂ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը մեղադրվում է 2020 թվականի հոկտեմբերին Գյանջայի վրա հրթիռային հարձակումներ կազմակերպելու համար:
2022 թվականի փետրվարից Ադրբեջանը հետախուզում է հայտարարել նաեւ Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի նկատմամբ։ Ադրբեջանի դատախազության տվյալներով՝ Քոչարյանն ու Սարգսյանը հետախուզվում են 1988 թվականին իրենց «անջատողական գործունեության համար»։
Ադրբեջանի կողմից հետախուզվողների ցուցակն այսքանով չի սահմանափակվում. 2020 թվականի նոյեմբերին հետախուզման մեջ էին հայտնվել Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ԼՂ ԱԳՆ նախարար Դավիթ Բաբայանը, ինչպես նաեւ Արման Բաբաջանյանն ու ԼՂ ՊՆ նախկին նախարար Ջալալ Հարությունյանը։
Ցուցակում կան նաեւ հայ գործարարներ՝ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, «Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը եւ «Ռոյալսիս»-ի սեփականատեր Դավիթ Գալստյանը։