Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 47 հազար 115 անձ է հատել Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։ Նրանցից 22 հազար 800-ն արդեն հաշվառվել է։ Դրա մասին սեպտեմբերի 27-ին հայտնել է ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը: Ըստ նրա՝ պետության ընձեռած կացարաններից օգտվել է Հայաստան մուտք գործած արցախահայերի 10 տոկոսը՝ 4002 անձ։
ՀՀ վարչապետի խոսնակը նշել է բռնի տեղահանված քաղաքացիների բաշխվածությունն՝ ըստ մարզերի։ Մասնավորապես Սյունիք է տեղափոխվել 1465, Վայոց ձոր՝ 810, Գեղարքունիք՝ 976, Տավուշ՝ 298, Արմավիր՝ 200, Արագածոտն՝ 30, Շիրակ՝ 203, Կոտայք՝ 20 մարդ:
«Մնացած քաղաքացիները ցանկացել են իրենց կացության հարցերը ինքնուրույն կազմակերպել, բայց սա չի նշանակում, որ պետությունը հրաժարվում է հետագա հոգածությունից»,- հավելել է վարչապետի խոսնակը։