Ծանր օրերին մեր հասարակությունը միշտ մեղավորների փնտրտուքով է զբաղված: Պարզ է, որ բոլոր իրավիճակներում մեղավորն ու պատասխանատուն երկրի ղեկավարն է, բայց հաճախ մեղավոր են ճանաչվում նախկինները կամ արտաքին ուժերը։
2021-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո պետական քարոզչամեքենան քաղաքական դաշտը ոչ թե բաժանում է ներկաների եւ նախկինների, այլ ինքնիշխանների եւ ռուսամետների։
Մի կողմ թողնենք այն, որ Ռուսաստանը բազում քայլերով ինքն է գեներացնում հակառուսական ալիքը, ինքն է մեդիադաշտ նետում սոլովյովներին եւ սիմոնյաններին: Ամեն ինչ պայմանավորված չէ միայն Նիկոլ Փաշինյանի կամ անցյալում Սերժ Սարգսյանի քաղաքականությամբ, որը քննադատվում է Ռուսաստանի կողմից:
Շատ հարցերում՝ դիտավորյալ կամ թուլությունից, Ռուսաստանը մոռանում է տարածաշրջանում իր պատասխանատվության մասին, ներում է Ադրբեջանին եւ Թուրքիային ռուս զինվորների մահը, նրա վարած քաղաքականությունը նույնիսկ «հակահայկական» կարող է որակվել։
Սակայն կան հանգամանքներ, որ հայ քաղաքական դաշտում պետք է հաշվի առնվեն.
ա) Ռուսաստանն այսօր ծանր պատերազմի մեջ է Ուկրաինայում: Նրան ձեռնտու չէ երկրորդ ճակատը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, հակառակը՝ նրանց տարածաշրջանային ենթակառուցվածքները պետք են շուկա դուրս գալու համար։
բ) Հայաստանը ներսում տարիներ շարունակ կողմնակից էր ստատուս-քվոյին, ինչը հակասում էր ռուսական ռազմավարական շահերին՝ առնվազն 2015 թվականից սկսած։
գ) Նիկոլ Փաշինյանն ինքը 2018-ից իր անմիտ քայլերով լարում էր հարաբերությունները Ռուսաստանի հետ։
դ) Արեւմուտքը անվտանգության իրական որեւէ երաշխիք չի տրամադրում Հայաստանին։
Սրանք իրողություններ են:
Քաղաքագիտության լեզվով ասած՝ Հայաստանը ադապտիվ քաղաքական համակարգի երկիր է, որն ունի ինքնիշխանության ինստիտուտներ, բայց մեծ է նրա կախվածությունը դրսից: Հայաստանը, ինչպես Քիսսինջերն է ասում Սիրիայի մասին, չպետք է դառնա «անկառավարելի» երկիր։
Դեռ 100 տարի առաջ Հովհաննես Քաջազնունին Սիմոն Վրացյանին ուղղած նամակում մի վերլուծություն է արել, ըստ որի՝ Անդրկովկասում Ռուսաստանի այլընտրանքը Թուրքիան է։ Դա այսօր էլ տեսանելի է Վրաստանի եւ Ադրբեջանի վրա Թուրքիայի ազդեցությունը գնահատելիս։
Պատմությունն անցյալի քաղաքականությունն է, իսկ քաղաքականությունը` ներկայի պատմությունը. այս ձեւակերպումները կարեւորագույն տեղն ունեն քաղաքագիտության մեջ:
Պատմությունը ցույց է տվել, որ հակառուսական քաղաքականության գեներացումը, ուժերի սխալ հաշվարկը, Ռուսաստանի հետ ժամանակին չպայմանավորվելը հանգեցնում են ինքնիշխանության տարրերի ծավալուն, եթե ոչ ամբողջական կորստի։
Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանին տարածաշրջանից հեռացնելու բավարար ուժ չունի։ Թե՛ 2018-ին, թե՛ 2021-ին նա իր աթոռին հաստատվել եւ վերականգնվել է աշխարհաքաղաքական կոնսենսուսի շնորհիվ, որին մասնակից է եղել նաեւ Մոսկվան։
Նիկոլ Փաշինյանը չգիտակցելով կամ դիտավորյալ Հայաստանը տանում է ծայրագավառացման, եւ երբ Ռուսաստանն իր ազդեցությունն ամրապնդի Անդրկովկասում, երկիրը կհայտնվի ամենածանր վիճակում։
Ի վերջո, նույնիսկ եթե Ռուսաստանը հեռանա, նա չի կործանվելու, չի վերանալու աշխարհի երեսից, մի օր վերադառնալու է եւ շատ կոշտ միջոցներով: Դա տեսել ենք Բրեստ-Լիտովսկի հաշտությոան կնքումից հետո, երբ արդեն ավելի զորեղ Խորհրդային Ռուսաստանը վերականգնեց իր ազդեցությունն Անդրկովկասում։
Այն ժամանակ Դաշնակցությունը չհասկացավ, որ արդեն ի զորու չէ պահելու անկախությունը: Ռուսաստանի հետ պայմանավորվելու վերջին հնարավորությունը կորսվել էր 1920-ի մայիսին։ Հետագայում եղավ Ալեքսանդրապոլ, այնուհետեւ՝ Մոսկվա, հետո՝ Կարս։ Նիկոլ Փաշինյանն այս պահին մարմնավորում է Համո Օհանջանյանին, իսկ սարգիսկասյանները դեռեւս սպասում են…
Թույլ Ռուսաստանն ավելի վտանգավոր է որպես թշնամի, քան որպես վատ դաշնակից։
Վանո Սիրադեղյանը ժամանակին մի բան է ասել, որը ճշգրիտ նկարագրում է Փաշինյանի վերջին ելույթը. «Սիրուն բառերի քաղաքականություն, գործնական քաղաքականությամբ զբաղվելու փոխարեն։ Շահավետ է եւ անվնաս եւ կերպդ է բարեկիրթ։ Պարոններ, այսպես ապրելով չի մնա այս Հայաստանը որպես հիմք «ազատ-անկախ ու միացյալ Հայաստանի» եւ միացյալը այլեւս չի ստացվի։ Այսինքն ոչինչ չի ստացվի»։
Արմեն Մկրտչյան