ԱՄՆ նախագահի կողմից Սամանթա Փաուերի գործուղումը Հայաստան եւ Բայդենի նամակը ցույց տվեցին, որ ԱՄՆ-ը Հայաստանը ոչ միայն չի դիտարկում որպես հակաքաղաքակրթական ճամբարի միավոր, այլեւ համարժեք եւ անհապաղ է արձագանքում Հայաստանի՝ իր անկախությունը պաշտպանելու ցանկությանը, որը դեռ սոսկ ցանկություն է։
ԱՄՆ պաշտոնյան պարզ ակնարկեց, որ եթե ՀՀ իշխանության՝ իրերն իրենց անուններով կոչելու, անկախությունը պաշտպանելու մտադրությունն առարկայանա, արվեն կոնկրետ քայլեր, օրենսդրական նախաձեռնություններ մտնեն օրակարգ, ԱՄՆ-ը կաջակցի ՀՀ անկախությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը եւ Արցախին։
Ակնհայտ է, որ արցախահայերի իրավունքների պաշտպանության, Արցախում միջազգային ներկայություն ապահովելու գործում ԱՄՆ-ը բախվելու է ռուս-ադրբեջանական շահերին։ Այս դեպքում Ռուսաստանի հետ համատեղ Արցախը զավթած Ադրբեջանի իշխանությունն ունի երկու ելք՝ դուրս հրավիրել ռուսներին կամ մեծացնել ռուսական ռազմական ներկայությունն իր երկրում։
Այսպիսով՝ ճիշտ եւ արագ կողմնորոշվելով, այն է՝ ՀՀ-ից օր առաջ ռուսական ռազմակայանը դուրս հրավիրելով, հայ-ռուսական եւ ՌԴ-ի հետ ասոցացվող պայմանագրերն ու համաձայնագրերը լուծելով կամ պարզեցնելով՝ Հայաստանի իշխանությունները կարող են ոչ միայն փարատել Հայաստանի սիրիացման մտավախությունները, այլեւ դեպի սիրիանման ճահիճ մղել Ադրբեջանին։
Ադրբեջանը սիրիացվելուց խուսափելու համար պետք է փորձի ՌԴ-ին դուրս մղել իր տարածքից։ Այս դեպքում հակահարված կստանա ռուսներից։ Այնտեղ ռուսական միջամտությամբ իշխանափոխության հավանականությունն ավելի մեծ է, քան Հայաստանում, քանի որ այդ երկիրը ռուսական ճնշման նկատմամբ ավելի զգայուն է։
Եթե ալիեւներին, այնուամենայնիվ, հաջողվի ռուսներին դուրս մղել եւ պահպանել իշխանությունը, ապա Արցախում անմիջապես կհայտնվեն եվրոպական դիտորդները, այնուհետեւ՝ ֆրանսիական կամ ամերիկյան զինվորները, եւ Արցախի ինքնորոշման հարցը կրկին կմտնի միջազգային օրակարգ։
Իսկ եթե Ադրբեջանը մնա ռուսական պրոքսի, ապա կսիրիանա, լավագույն դեպքում՝ կբելառուսանա, կճանաչվի հակաքաղաքակրթական սպառնալիք, որի չեզոքացման համար Արեւմուտքը կներխուժի Ադրբեջան, հնարավոր է՝ Հայաստանից։
Այս դեպքում ռեալ հնարավորություն կունենանք ազատագրելու Արցախը եւ իրավունքի ուժով միավորելու մայր հայրենիքի հետ։
Պարզ ասած՝ Ադրբեջանի պարտության բանալին այսօր Հայաստանի ձեռքում է։
Հայկ Միրզոյան
Պահպանողական կուսակցության փոխնախագահ
Հրապարակելով այս տեսակետը՝ «Ալիք Մեդիան» ակնկալում է ազատ եւ անկաշկանդ բանավեճ եւ պատրաստ է հրապարակելու այլ կարծիքներ ու դատողություններ եւս։