Սեպտեմբերի 27-ին «Ալցհայմերի խնամք Հայաստան» ծրագիրը Երեւանի հիշողության սրճարանում նշեց Ալցհայմերի հիվանդության մասին իրազեկման օրը, որը աշխարհում նշվում է սեպտեմբերի 21-ին։
«Պլանավորել էինք սեպտեմբերի 26-ին Հանրապետության հրապարակում իրազեկման քայլերթ անցկացնել։ Դիմել էինք Երեւանի քաղաքապետարան, թույլտվություն ստացել։ Բայց Արցախում տիրող իրավիճակով պայմանավորված՝ առաջնահերթությունները փոխվեցին, ուստի որոշեցինք այս տարի միջոցառումն այս ձեւաչափով՝ հիշողության սրճարանում անցկացնել»,- «Ալիք Մեդիայի» հետ զրույցում պատմեց «Ալցհայմերի խնամք Հայաստան» ծրագրի ղեկավար Օֆելյա Կամավոսյանը։
Երեւանի Մոսկովյան փողոցում՝ Լոֆթում գտնվող հիշողության սրճարանում տարեցները հավաքվում են շաբաթը մեկ անգամ։ Երկու ժամ տեւող հավաքույթի ընթացքում մասնագետները պարապմունքներ են անցկացնում նրանց հետ, տնային առաջադրանքներ տալիս։ Կարդում են, նվագում, երգում, զրուցում․․․
Սրճարանն այցելում են ճանաչողական ֆունկցիայի խանգարում ունեցող տարեցները։ Այցելություններն այստեղ օգնում են կանխարգելելու Ալցհայմերի հիվանդության առաջացումը։
Նման սրճարան գործում է ոչ միայն մայրաքաղաքում, այլեւ Գյումրիում։ Առաջիկայում նաեւ Իջեւանում է բացվելու։ Ե՛վ մայրաքաղաքում, ե՛ւ Գյումրիում հիշողության սրճարան է հաճախում 15-20 տարեց։
«Ալցհայմերի խնամք Հայաստան» ծրագիրը պատրաստ է աջակցելու Արցախից բռնի տեղահանված տարեցներին։ Նրանց հետ կաշխատեն հոգեբաններ ու բժիշկներ։ Ծրագիրն արդյունավետորեն իրականացնելու նպատակով հաստատությունը կհամագործակցի ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ։
78-ամյա պարոն Վալերին արդեն երկու շաբաթ է, ինչ հաճախում է հիշողության սրճարան։ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում երկար տարիներ որպես դիրիժոր է աշխատել, այժմ մշտական այցելուներից է, նոր ընկերներ է գտել։
«Սկզբում մտածեցի՝ արժե գնալ, տեսնել՝ ինչ տեղ է․․․ Եկա ու հասկացա, որ հաճելի միջավայր է, որտեղ կարելի է մարզել հիշողությունն ու նոր գիտելիքներ ստանալ։ Արվեստի մասին շատ ենք խոսում։ Օրինակ՝ այսօր զրուցել ենք Սայաթ-Նովայի մասին, նրա ստեղծագործությունները կարդացել, ունկնդրել։ Ինձ համար շատ հաճելի է, որ ես այսպիսի մարդկանց հետ շփվելու հնարավորություն ունեմ»,- պատմում է պարոն Վալերին։ Նա հոգին երիտասարդ պահելու մի քանի գաղտնիք է բացահայտել․ հարկավոր է շատ կարդալ, երաժշտություն լսել, քայլել։
84-ամյա տիկին Վարդուհին 47 տարի աշխատել է որպես մանկավարժ։ Կես կատակ-կես լուրջ ասում է՝ ամբողջ կյանքում շատ է խոսել աշխատանքի բերումով, հիմա էլ խոսում է հիշողության սրճարանում։
«Պատասխանում ենք արվեստի մասին մասնագետների հարցերին։ Հանձնարարություններ են տալիս, տանը պատրաստվում եմ, պարապում։ Զարմանալի բան է․ մարդը մինչեւ կյանքի վերջը սովորում է, իսկ ես այդպիսի մարդկանցից եմ։ Հաճույք եմ ստանում հանձնարարությունները կատարելիս, սովորելիս»,- ասում է տիկին Վարդուհին։
Տիկին Վարդուհին խորհուրդ է տալիս՝ զվարթ եւ երիտասարդ մնալու համար պետք է հնարավորինս շատ շփվել լավ մարդկանց հետ, կարդալ, երաժշտություն լսել, սիրած զբաղմունք ունենալ եւ հաճախ զբաղվել դրանով։
«Ալցհայմերի խնամք Հայաստան»-ն առաջիկայում իրականացնելու է նաեւ տնային խնամքի ծրագիր՝ այցելելով դեմենցիա ունեցողներին։ Նրանք բժշկական օգնություն կստանան։ Մասնագետները նոր գիտելիքներ կփոխանցեն նաեւ Ալցհայմերի հիվանդություն ունեցողների խնամողներին, ընտանիքի անդամներին, որպեսզի ավելի իրազեկ լինեն։ Տնային խնամքի ծրագիրը կմեկնարկի հոկտեմբերին, որի մասին «Ալիք Մեդիան» կգրի առաջիկայում։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։