Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցելու նպատակով Շիրակի մարզում ձեւավորված տեղավորման եւ աջակցության հարցերով զբաղվող աշխատանքային խումբն աշխատում է շուրջօրյա:
Ամենաթարմ տվյալներով` այս պահին Շիրակի մարզն ընդունել է շուրջ 700 արցախցու, որոնց տեղաբաշխել են մարզի բոլոր՝ վեց համայնքներում:
Տեղահանվածների մեծամասնությունը՝ շուրջ 500-ը, նախընտրել է մնալ Գյումրիում՝ հիմնականում հյուրանոցներում եւ կացության պայմաններ ունեցող համայնքային կառույցներում:
Տեղակայվածների թիվը Գյումրու հարակից Ախուրյան ամենամեծ խոշորացված համայնքում այս պահին շուրջ վեց տասնյակ է, բայց թիվն ամեն րոպե աճում է:
Այլ համայնքներ, հատկապես հեռավոր գյուղեր արցախցիները տեղափոխվել չեն ուզում: Արթիկ համայնքից «Ալիք Մեդիային» տեղեկացրին, որ 13 հոգու են ընդունել, տեղակայել վարձով բնակարաններում, մի քանիսն էլ ճանապարհին են:
Հեռավոր Ամասիայից էլ մեզ հայտնեցին, որ 15 արցախցու էլ իրենք են տեղակայել մանկապարտեզում, 7-ն էլ հարազատների բնակարաններում են հյուրընկալվել: Ըստ եղած տվյալների` Ամասիան կարող է 20 ընտանիքի ընդունել: Այժմ ակտիվ աշխատանքներ են տարվում ունեցած կառույցներում կացության առաջնային պայմաններ ապահովելու համար:
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հոսքը Շիրակի մարզ շարունակվում է։