Թեեւ ճիշտ է, որ 5+2=7, սակայն տվյալ դեպքում 5+2-ն ավելին է նշանակում։ Պատահական չէ, որ հենց 5+2 է նշվում. ի՞նչ է՝ դիվանագետները չգիտե՞ն, որ դա հավասար է 7-ի։
Մադրիդյան սկզբունքների «Լավրովի պլան» փաթեթավորմամբ 5+2-ը նշանակում էր տարածքների վերադարձ երկու փուլով՝ սկզբում՝ 5 շրջան (Աղդամ, Ֆիզուլի, Ջեբրայիլ, Կուբաթլու, Զանգելան), հետագայում նաեւ՝ մնացած 2-ը (Քելբաջար, Լաչին)։
5 շրջանի դիմաց Արցախի առկա կարգավիճակը լեգիտիմացվում էր միջազգային հանրության տեսանկյունից։ Անվտանգության երաշխիքների շերտը նախատեսում էր խաղաղապահներ, կոմունիկացիաների բացում, ապառազմականացված եւ բուֆերային գոտիներ եւ այլն։
Տարբեր փուլերում այս հարցերի մի մասը կամ բոլորը միաժամանակ քննարկվել են, եւ թերեւս պետք է հստակեցվեին մեծ համաձայնագրում։
Քելբաջարի եւ Լաչինի շրջանների վերադարձը նախատեսվում էր անորոշ ապագայում՝ գուցե եւս մի 30 տարի հետո։ Դրանք դրվում էին Արցախի վերջնական կարգավիճակի հստակեցման հարթությունում։ Այսինքն՝ այդ երկու շրջանն այն գինն էր, որը պարտավորվում էինք վճարել Արցախի վերջնական կարգավիճակի դիմաց, եւ որն այդ առումով գործոն էր դարձնում հայկական կողմերին ու Ադրբեջանին բերում մեր դուռը։
Այսինքն՝ 5+2 շրջանի վերադարձը եւ 7 շրջանի վերադարձը նույն բանը չեն, ինչպես փորձ է արվում ներկայացնել։
Ըստ ամենայնի՝ նախորդ իշխանությունը համաձայնել է պլանի իրականացմանը (ըստ երեւույթին՝ դա է եղել ապրիլյան պատերազմը կանգնեցնելու գինը), գործող իշխանությունը որոշել է խախտել շարունակականության տրամաբանությունը եւ բանակցությունները «սկսել սեփական կետից»՝ պնդելով Արցախի կարգավիճակի հստակեցում (սրա մասին վարչապետը գրել է հոկտեմբերի 19-ին), մի բան, որի շուրջ բանակցային պատմության ոչ մի փուլում հնարավոր չի եղել համաձայնության գալ, քանի որ կողմերն ունեն տրամագծորեն հակառակ դիրքորոշումներ։
Որոշվեց գնալ պատերազմի՝ հստակ իմանալով, որ մեր դեմ ոչ թե Ադրբեջանն է, այլ, ըստ էության, ամբողջ աշխարհը (վարչապետը, ԱԺ փոխնախագահը մեկ անգամ չէ, որ հայտարարել են, որ առաջարկվող պլանի շուրջ Մինսկի խմբում կոնսենսուս է եղել)։
Պատերազմի արդյունքում մեզ պարտադրվեց հանձնել նաեւ Քելբաջարն ու Լաչինը (էլ չասած ԼՂԻՄ տարածքի զգալի մասի մասին, որը որեւէ փաստաթղթով չէր նախատեսվում տալ Ադրբեջանին)՝ զրկելով Արցախի կարգավիճակի հարցում սակարկության որեւէ լծակից։
Մենք այժմ վճարելու ոչինչ չունենք, որպեսզի Ադրբեջանի մոտ շահագրգռություն լինի քննարկելու այդ հարցը։ ԼՂ կարգավիճակի հարցն արդեն, ըստ էության, դուրս է մեր ազդեցության գոտուց։
Այլ կերպ ասած՝ մեր կորուստը ոչ միայն պարզապես 7 շրջան, Հադրութ ու Շուշի է, այլեւ ազդեցության բոլոր լծակները. մենք դադարել ենք գործոն լինելուց։ Մենք այլեւս գրեթե ոչինչ չունենք, որի շուրջ մեզ հետ խոսելու անհրաժեշտություն լինի. Հայաստանի ինքնիշխանության մակարդակը նվազագույնի է հասել։
Նմանօրինակ մանիպուլյացիա է նաեւ Շուշի փախստականների վերադարձի նույնացումը Շուշին տալու հետ։ Հակամարտության հետեւանքով տեղահանվածների վերադարձի հարցը միշտ էլ եղել է բանակցությունների սեղանին (ընդ որում՝ խոսքը ոչ միայն ադրբեջանցիների, այլեւ հայերի վերադարձի մասին է)։
Թե երբ, ինչ մեխանիզմներով, ովքեր, սա էլ դեռ պետք է հետագայում հստակեցվեր, սակայն փոխըմբռնում է եղել, որ տեղահանված անձինք պետք է իրավունք ունենան վերադառնալու իրենց բնակության վայրեր։ Եվ դեմ լինել փախստականների վերադարձին, նշանակում էր դեմ գնալ բանակցային ամբողջ տրամաբանությանը։
Բայց սա էլ ամբողջը չէ։
Նոյեմբերի 9-ին պարտադրված հայտարարության ստորագրմամբ Հայաստանն ինքն իրեն ագրեսոր է ճանաչել, որովհետեւ ստիպված է եղել ընդունել, որ հենց Հայաստանի՛ զորքերը պետք է ազատեն այդ տարածքները (սրա հետեւանքները դեռ զգալու ենք)։
Հակամարտության գոյության ամբողջ պատմության ընթացքում Ադրբեջանին երբեք չէր հաջողվել նման բան արձանագրել։ Անգամ ՄԱԿ-ի բանաձեւերով այդ տարածքները վերահսկողի դերում նշվում էին «տեղական հայկական ուժերը», ոչ Հայաստանը։
Մենք ունեցել ենք աղետից խուսափելու մի քանի հնարավորություն՝ ընդհուպ պատերազմի օրերը։ Այդ մասին բաց նշել է նաեւ վարչապետը։
Իշխանափոխությունից հետո սահմանին մեկ տարի հանգիստ էր, որը տրվել էր, ինչպես ուղիղ ասվել էր, հանրությանը խաղաղության նախապատրաստելու համար։ Սակայն այն ավարտվեց «նոր պատերազմ, նոր տարածքներ», «Արցախը Հայաստան է եւ վերջ», «բանակցությունները շարունակել սեփական կետից», «տավուշյան հերոսական մարտեր», «Սեւրի պայմանագրի խորհուրդ» եւ այլ լայքաբեր, բայց խիստ վտանգավոր հայտարարություններով։
Սեղանին դրված փաստաթղթին դեմ արտահայտվելիս իշխանությունն անտեսել է իրողությունները, ծայրահեղ սխալ է գնահատել առաջարկվող փաթեթին ընդդիմանալու մեր ռեսուրսները եւ դրա հետեւանքները։
Մի բանում կարծեք թե բոլորը համակարծիք են. պետք է լիցքաթափել իրավիճակը, պահպանել կայունությունը երկրում եւ գործընթացները կազմակերպել սահմանադրության շրջանակում։ Վիճակն ինքն իրեն չի հանդարտվելու. կորցրել ենք ոչ միայն հազարավոր մեր հայրենակիցների, ինքնիշխանության, Արցախի զգալի մասը, այլեւ հավատը պետության եւ սեփական ուժերի նկատմամբ։
Իշխանությունը պետք է կարողանա դուրս գալ արդարացումների ու մեղադրանքների ամոթալի տեղապտույտից եւ քաղաքական քայլերի միջոցով հուսալքության, երկյուղի եւ անորոշության տրամադրությունները փոխարինի միասնականության եւ տեսանելի ելքի զգացողություններով։
Ելքերի որոնումը կարող է քաղաքական քայլերի եւ խորհրդակցությունների ամենատարբեր շրջանակներ ու ձեւեր ընդգրկել՝ որպես նպատակ ունենալով հնարավորինս քիչ կորուստներով ստեղծված իրավիճակից դուրս գալը։