Բրիտանական Reuters գործակալությանը հայտնի է դարձել, որ Ադրբեջանն ունի Լեռնային Ղարաբաղում բնակվող մի քանի հարյուր հայի ցուցակ, որոնց մտադիր է կալանավորել տարբեր հանցագործությունների մեղադրանքով:
Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Ադրբեջանի զինդատախազությունը 2022-ին քրեական գործ է հարուցել մարդկության դեմ հանցագործությունների, ներառյալ «ադրբեջանցիների դեմ Հայաստանի զինված ուժերի կողմից կատարված ռազմական հանցագործությունների» առնչությամբ։
297 անձի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 103-րդ (ցեղասպանություն), 113-րդ (խոշտանգում), 115-րդ (պատերազմի օրենքների եւ սովորույթների խախտում), 116-րդ (միջազգային մարդասիրական իրավունքի խախտում զինված ընդհարումների ժամանակ) հոդվածներով։ Ցանկում բոլոր ընդգրկվածները համարվում են հետախուզման մեջ գտնվող։
Ցուցակում ընդգրկված ԼՂ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը մեղադրվում է 2020 թվականի հոկտեմբերին Գյանջայի վրա հրթիռային հարձակումներ կազմակերպելու համար:
2022 թվականի փետրվարից Ադրբեջանը հետախուզում է հայտարարել նաեւ Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի նկատմամբ։ Ադրբեջանի դատախազության տվյալներով՝ Քոչարյանն ու Սարգսյանը հետախուզվում են 1988 թվականին իրենց «անջատողական գործունեության համար»։