Բռնի տեղահանված արցախահայերի հոսքը Հայաստան շարունակվում է։ Սեպտեմբերի 28-ի առավոտվա տվյալներով՝ Սյունիք է հասել ավելի քան 66 000 արցախցի։ Մինչ երկու ժամվա ճանապարհը մեր հայրենակիցներն անցնում են շուրջ 30 ժամում, Հայաստանում թե՛ պետական, թե՛ մասնավոր կառույցներն ու անհատները սկսել են աջակցության տարբեր ծրագրեր նախաձեռնել։
Առաջինը քաղաքացիների տեղավորման խնդիրն է։ Սահմանն անցնելիս տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ հավաքում են տեղահանվածների տվյալները, առանձնացնում նրանց կարիքներն ու այլ անհրաժեշտ տեղեկություններ։ Քաղաքացիներին տեղավորում են Սյունիքի եւ Վայոց ձորի հյուրանոցներում, հյուրատներում եւ ազատ բնակարաններում։
Քանի որ հոսքը մեծ է, բազմաթիվ քաղաքացիների կացության հարցերով զբաղվում են տեղաբնակները, հյուրընկալում իրենց տներում։ Վայոց ձորի Վայք համայնքից Ռուզան Ղազարյանը, որ «Վայքի ինֆոտունը» համակարգող «Աշխատանք եւ հայրենիք» տարածքային զարգացման ՀԿ-ի ղեկավարն է, համաքաղաքացիների ու գործընկերների հետ տարբեր նախաձեռնություններ է անում։ Ասում է՝ Վայքում սովոր են ու սիրով են անում․ Արցախյան առաջին պատերազմից հետո էլ է Վայքն աջակցության կենտրոններից ու արցախահայերին ընդունող հյուրընկալ քաղաքներից է եղել։
«Հարեւան-բարեկամ ու կամավորներ հավաքվել ենք, ով ինչ կարողանում է, անում է։ Համակարգվածության խնդիր կա, գուցե հոսքի մեծ լինելու պատճառով։ Մեր վեց հարեւաններով հավաքվել, արցախահայ ընտանիքների ենք հյուրընկալել։ Այն, ինչ անում ենք, չնչին է, արժանի էլ չէ բարձրաձայնման։ Քաոսային վիճակ է։ Մեր աչքի առաջ ցեղասպանություն է 21-րդ դարում»,- ասում է Ռուզան Ղազարյանն ու հավելում՝ սեղաններ են դրել մայրուղուն, անցնող-գնացողին կանգնեցնում են, սուրճ եւ ուտելիք հյուրասիրում, հարցնում որպիսությունն ու հիշեցնում՝ իրենց կողքին են։
Տեղահանվածների մեծ մասը Հայաստան է եկել՝ Արցախում թողնելով տարիների աշխատանքը, շարժական ու անշարժ ամբողջ գույքը։ Նրանց աջակցելու նախաձեռնությամբ է հանդես եկել նաեւ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը։ Վերջինս պատրաստակամություն է հայտնել կեցավայրի վարձակալության եւ կոմունալ ծախսերի փոխհատուցում տրամադրելու 300 ընտանիքի։
«Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում «Գազպրոմ Արմենիա»-ի հասարակայնության եւ ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից հայտնեցին, որ իրենք էլ են արցախցիների տվյալներ հավաքում։ Զանգերը բազմաթիվ են, պետք է ամփոփեն։ Ընկերությունը նախատեսում է փոխհատուցում տրամադրել Հայաստանի բոլոր բնակավայրերում տների վարձակալության համար՝ բացառությամբ Երեւանի։ «Մշտական կապի մեջ ենք բոլոր համապատասխան մարմինների հետ՝ աշխատանքն ու աջակցություններն առավել հասցեական տրամադրելու համար»,- ասացին «Ալիք Մեդիա»-ին։
Մեզ հայտնեցին նաեւ, որ ծրագրում են առաջիկայում կազմակերպել ընկերության հաշվեկշռում գտնվող «Կարին» պանսիոնատի շահագործումն ու ենթակառուցվածքների վերականգնումը՝ տեղահանված ընտանիքներին լրացուցիչ կացարաններով եւ կենցաղային անհրաժեշտ պայմաններով ապահովելու համար:
Գույքագրվում են նաեւ կարճաժամկետ աջակցության համար նախատեսվող այլ ռեսուրսներ, որոնց մասին ընկերությունը կհայտնի հընթացս։
Հաջորդիվ տեղահանված արցախցիներին աշխատանքով ապահովելու խնդիրն է։ Տեղահանման առաջին օրվանից տարբեր անհատներ ու կազմակերպություններ սկսեցին աշխատանք առաջարկել արցախցիներին՝ այդ մասին հայտարարելով սոցիալական տարբեր հարթակներում։ Քանի որ հայտարարությունները բազմաթիվ էին, դրանք համակարգելու խնդիր կար։ Լիդա Արմենակյանն ու Դիանա Գրիգորյանն էլ մեկտեղում են աշխատանքի հայտարարությունները։
«Որոշեցինք հարթակներ ստեղծել սոցիալական ցանցերում, որ կարողանանք «մեկ հարկի» տակ հավաքել առաջարկվող աշխատանքների հայտարարությունները՝ այդպիսով ավելի հեշտացնելով դրանց հասանելիությունն ու համակարգումը։ Ցաքուցրիվ էին բոլորը, հիմա մի տեղում են»,- ասում է Լիդան։
Նման ավելի մեծ նախաձեռնությամբ է հանդես եկել նաեւ աշխատանքի եւ կազմակերպությունների հայտարարությունների հայաստանյան ամենամեծ հարթակը՝ staff.am-ը։ Վերջինս արցախահայությանն աջակցելու նպատակով ստեղծել է միասնական աշխատանքային հարթակ։
«staff.am-ը միշտ արագ արձագանքել է զբաղվածության խնդիրներին, որոնք պայմանավորված են եղել տարբեր ճգնաժամերով։ Այժմ էլ թողարկել ենք առանձին հարթակ՝ www.staff.am/artsakh հղմամբ, որտեղ ներկայացված են այն գործատուների հայտարարությունները, որոնք հատուկ ծրագրեր ունեն արցախահայությանը հնարավորինս շուտ աշխատանքում ինտեգրելու համար կամ պատրաստ են ներգրավելու նոր աշխատակիցների»,- «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում մանրամասնեց staff.am-ի տնօրեն Նազելի Բադալյանը։
Պայմանավորված արցախահայության բնակության վայրերով՝ ակտիվ աշխատանք են կատարում հատկապես մարզերում գտնվող գործատուների հետ, որպեսզի տեղահանված արցախահայերի համար աշխատանքի հայտարարությունները հրապարակեն միասնական հարթակում անվճար հիմունքներով։
«Այսինքն՝ միաժամանակ աշխատում ենք մի քանի ուղղությամբ՝ հավաքում ենք Արցախից մեր հայրենակիցների տվյալները, որոնք ունեն աշխատանքի կարիք, գործատուներից հավաքում ենք համապատասխան աշխատանքի հնարավորությունների մասին տեղեկությունը, HR (մարդկային ռեսուրսների կառավարման) մասնագետների տվյալներ, որոնք պատրաստ կլինեն օժանդակելու մեր թիմին խորհրդատվական կամ այլ աշխատանքներում»,- մանրամասնեց Նազելի Բադալյանը։
Նա նշեց, որ այս պահին երեք ուղղությամբ ունեն ակտիվ դիմումներ․ աշխատանքի հայտարարությունների քանակը շարունակ աճում է՝ արդեն գերազանցելով 300-ը:
Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է: