Սեպտեմբերի 28-ին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթիի հետ:
ՀՀ արտգործնախարարը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծված ռազմական հարձակման հետեւանքներին՝ քաղաքացիական բնակավայրերի եւ անձանց թիրախավորմամբ, հանգեցնելով ԼՂ բնակչության զանգվածային բռնի տեղահանման:
Միրզոյանը կարեւորել է միջազգային գործընկերների եւ կառույցների հստակ գնահատականն ու գործուն մեխանիզմների միջոցով ուժի կիրառման հետագա դեպքերի բացառման հրամայականը: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակել է ուժի կիրառման գործելակերպը՝ չնայած հակառակի վերաբերյալ վերջին ամիսներին հնչած հավաստիացումներին:
ՀՀ ԱԳՆ ղեկավարը շեշտել է տարածաշրջանն ապակայունացնելու փորձերի, ՀՀ տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության նկատմամբ նկրտումների զսպման հրամայականը՝ այս համատեքստում ընդգծելով ՄԱԿ Անվտանգության խորհրդի մանդատը: