ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է, որ Ռուբեն Վարդանյանի նկատմամբ Ադրբեջանի մեղադրանքները շինծու են, եւ Ադրբեջանը չունի իրավական որեւէ հիմք նրան պահելու համար: Օսկանյանը նշել է, որ նույնը վերաբերում է Դավիթ Բաբայանին եւ այլոց, որոնք, հնարավոր է, նման ճակատագիր ունենան: Նա ընդգծել է, որ Հայաստանի իշխանությունները ամեն ջանք պետք է ներդնեն՝ ներառյալ բանակցությունների ընդհատում, ապահովելու նրանց ազատ արձակումը։
«Ադրբեջանին արած մեծ նվերի դիմաց Հայաստանի իշխանություններն առնվազն պետք է պահանջեն այս մարդկանց վերադարձը։ Սփյուռքը եւս այս հարցը պետք է դարձնի օրակարգային։ Իսկ միջազգային հանրությունը Ադրբեջանից միանշանակ պետք է պահանջի զերծ մնալ նման հետապնդումներից»,- շեշտել է Վարդան Օսկանյանը։
Նա հավելել է, որ Հայաստանի իշխանությունների օրակարգային գլխավոր հարցերից մեկը պետք է լինի Ադրբեջանում գտնվող բոլոր հայ գերիների, ձերբակալվածների, առեւանգվածների Հայաստան վերադարձը։