ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) տնօրեն Սամանտա Փաուերը հայտարարել է, որ Լաչինի միջանցքը պետք է մնա լիովին եւ մշտապես բաց, որպեսզի քաղաքացիական անձինք կարողանան ազատորեն հեռանալ եւ վերադառնալ, համայնքները կարողանան օգտվել սննդից, դեղորայքից եւ այլ անհրաժեշտ պարագաներից, իսկ մարդասիրական կազմակերպությունները տեսնեն եւ բավարարեն կարիքները տեղում:
«Անցած շաբաթվա անընդունելի ռազմական գործողությունն է՛լ ավելի է վատթարացրել առանց այն էլ ծանր մարդասիրական իրավիճակը։ Ինն ամիս Ադրբեջանն արգելափակել է Լաչինի միջանցքը՝ փակելով կյանքի կարեւոր ճանապարհը, որն ապահովում էր Լեռնային Ղարաբաղի բնակիչներին պարենի, դեղորայքի, վառելիքի եւ առեւտրային մատակարարումները, եւ դրանց սուր պակաս էր ստեղծել»,- ընդգծել է USAID-ի տնօրենը Հայաստան այցից հետո իր տարածած հայտարարությունում:
Փաուերը շեշտել է Ադրբեջանի պարտավորությունը՝ պաշտպանելու խաղաղ բնակիչներին, հարգելու մարդկանց իրավունքներն ու հիմնարար ազատությունները եւ ապահովելու, որ իր ուժերը պահպանեն միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը:
«Այս շաբաթ այցելել եմ Հայաստան, լսել այն մարդկանց, ովքեր սեպտեմբերի 19-20-ն Ադրբեջանի հարձակումներից հետո լքել են իրենց տները Լեռնային Ղարաբաղում։ Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի խոցելի բնակչության եւ Հայաստան գաղթած ավելի քան 50 հազար մարդկանց անվտանգությամբ»,- նշել է Փաուերը, հավելելով, որ ԱՄՆ ՄԶԳ-ն Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղակայել է Բնական աղետների արձագանքման խումբ՝ ԱՄՆ մարդասիրական օգնությունը համակարգելու նպատակով: Խումբը կգնահատի իրավիճակը, կսահմանի օգնության ընդլայնման առաջնահերթ կարիքները եւ կաշխատի գործընկերների հետ՝ հրատապ օգնություն տրամադրելու համար: