Երեւանի նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունը գնում է Երեւանի ավագանու նոր ընտրությունների: Քանի որ ընդդիմադիր ուժերի ձայները չեն բավականացնում ընդդիմադիր քաղաքապետ ընտրելու համար, Մարությանի խմբակցությունը բոյկոտելու է Երեւանի՝ հոկտեմբերի 10-ին անցկացվելիք ավագանու անդրանիկ նիստը:
Մարությանը պարզաբանել է, որ «Հանրային ձայն» կուսակցություն առաջին եւ երկրորդ համարներ Արտակ Գալստյանը եւ Տիգրան Ուրիխանյանը ֆիզիկապես չեն կարող նիստին ներկա լինել, քանի որ Արտակ Գալստյանը կալանավորված է, իսկ Տիգրան Ուրիխանյանը հետախուզման մեջ է։ «Սա նշանակում է, որ ընդդիմադիր քաղաքապետ ընտրելու համար պահանջվող 33 ձայնից երկուսն այլեւս չկա։ Մեր ֆրակցիան հայտարարում է, որ մենք գնում ենք նոր ընտրությունների»,– ընդգծել է Մարությանը։
«Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը հույս է հայտնել, որ «Հանրային ձայն» կուսակցության ոչ մի անդամ նիստին չի գնա, հակառակ դեպքում քվորում կլինի, եւ եթե անգամ իրենք դեմ քվեարկեն, իշխանությունը կվերարտադրվի։
Ավելի վաղ «Մայր Հայաստան» դաշինքն էր հայտարարել, որ կոնսենսուսի բացակայության պարագայում՝ նիստին չներկայանալու եւ քվորում չապահովելու միջոցով ստեղծված իրավիճակում միակ լուծումը Երեւանի ավագանու նոր ընտրությունների անցկացումն է: