ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղ միջազգային հումանիտար առաքելություն ուղարկելու հնարավորությունների ու հեռանկարների վերաբերյալ։ Նա նշել է, որ Պետդեպում բավական լուրջ են վերաբերվում միջազգային առաքելությանը։ Միլլերը կարեւորել է միջազգային առաքելությունը եւ շեշտել, որ այն առնչվում է տարածաշրջանում հումանիտար կարիքների վերաբերյալ բոլոր հարցերին:
Խոսնակն ընդգծել է, որ ԱՄՆ-ում այն աստիճան լուրջ են վերաբերվում միջազգային առաքելությանը, որ պետքարտուղարն անձամբ է հարցը բարձրացրել Ադրբեջանի նախագահ Ալիեւին ուղղված իր կոչում ու ճնշում է նրան, որպեսզի վերջինս համաձայնի միջազգային առաքելությանը։ «Դուք երեւի տեսել եք, որ երեկ Ադրբեջանի կառավարությունն ասաց, որ իսկապես աջակցում են միջազգային առաքելությանը։ Նաեւ ասացին, որ պատճառներից մեկն այն է, որ իրենց դրանում դրդել են ԱՄՆ-ից»,- նշել է Միլլերը:
Խոսնակը շեշտել է, որ Պետդեպում աշխատում են դաշնակիցների եւ գործընկերների հետ՝ հասկանալու համար՝ որն է միջազգային առաքելության իրականացման լավագույն մեխանիզմը: «Բայց կարծում ենք, որ կարեւոր է ապահովել թափանցիկություն եւ հավաստիացնել, որ մարդասիրական կարիքները լուծվում են տեղում»,- եզրափակել է Մեթյու Միլլերը։