Լեռնային Ղարաբաղի գրեթե բոլոր բնակիչները կարող են լքել տարածաշրջանը՝ փախչելով Ադրբեջանի ռազմական գործողության հետեւանքներից։ Այս մտահոգությունը հայտնել է Գերմանիայի ԱԳՆ Հարավային Կովկասի հետ համագործակցության համակարգող Ռոբին Վագեները սեպտեմբերի 28-ի երեկոյան Table.Media մեդիաընկերությանը տված հարցազրույցում։
«Արդեն մի քանի օր է, ինչ տասնյակ հազարավոր մարդկանցով մեքենաների շարասյուները լքում են Լեռնային Ղարաբաղից Հայաստան տանող ճանապարհով,- ասաց Վագեները։- Պետք է վախենալ, որ առաջիկա օրերին նրանց կմիանա Ղարաբաղի բնակիչների ճնշող մեծամասնությունը, ինչի պատճառով էլ Լեռնային Ղարաբաղը կարող է հայաթափվել»:
Չնայած Հայաստանի հետ շարունակվող խաղաղ բանակցություններին` Ադրբեջանը հույսը դրել է ռազմական լուծման վրա, ընդգծել է Գերմանիայում իշխող կոալիցիայի մաս կազմող «Միություն 90/Կանաչներ» կուսակցության անդամ Ռոբին Վագեները։ «Լեռնային Ղարաբաղի բնակիչներից շատերն այլեւս չեն տեսնում իրենց անվտանգ ապագան տարածաշրջանում»,- հայտարարել է նա։