Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին եւ ԵԱՀԿ դերակատարմանը հետպատերազմյան բանակցության տարիներին։ Ալիեւը մասնավորապես նշել է, որ դատելով բանակցությունները հովանավորած երկրների կազմից` կարելի է համոզված ասել, որ ղարաբաղյան հարցի լուծումը կգտնվեր, եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներում՝ ԱՄՆ-ում, Ռուսաստանում եւ Ֆրանսիայում, դրա ցանկությունը լիներ:
Ալիեւն իր միտքը հիմնավորել է նրանով, որ «օկուպացիան դադարեցնելու մանդատ ունեցող» նախկին Մինսկի խմբի համանախագահները երեք միջուկային տերություններ էին՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի երեք մշտական անդամներ։ Նշել է, որ միեւնույն ժամանակ Բաքուն Ղարաբաղի հարցի լուծման իրավական հիմք ուներ։
«Մենք ունեինք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձեւեր, որոնցից չորսը պահանջում էին հայկական զորքերի անհապաղ, անվերապահ եւ ամբողջական դուրսբերում գրավյալ տարածքներից։ Այս բանաձեւերն ընդունվել են 1993 թվականին»,- ընդգծել է Ադրբեջանի նախագահը։