Շիրակի մարզի Անիի, Ամասիայի, Աշոցքի, նույնիսկ Ախուրյանի մի շարք գյուղերում 1988-ից հետո կառուցված հարյուրավոր տներ դատարկ են: Բնակիչները տասնամյակներ առաջ կողպել են դռներն ու մեկնել արտերկիր, մի մասն էլ՝ Գյումրի կամ այլ քաղաքներ:
«Շիրակ կենտրոն» բարեգործական կազմակերպության ղեկավար Վահան Թումասյանը պարզել է, որ փակ բնակարանների գերակշիռ մասը վաճառքի ենթակա է, բայց դրանցից շատերը փաստաթղթային որոշակի խնդիրներ ունեն: Ե՛վ գյուղերը դատարկվելուց փրկելու, ե՛ւ արցախահայերին տնով ապահովելու համար Թումասյանը ելք է առաջարկում. ըստ նրա ՝ պետությունը շտապ պետք է օժանդակի, որպեսզի սեփականատերերը փաստաթղթային խնդիրներն արագ լուծեն եւ կարողանան տները վաճառել:
Այնուհետեւ հարկավոր է այդ տները գնել, արագ նորոգել, գոմեր կառուցել եւ նվիրաբերել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին: Այդ ծրագրում պետք է ներգրավել նաեւ մեծահարուստներին ու հայկական բարեգործական ֆոնդերին:
Թումասյանը հույս է հայտնում, որ իր առաջարկի իրականացումը իսկական փրկօղակ կդառնա դատարկվող եւ մահացող գյուղերի համար: