Ադրբեջանի նախագահի աշխատակազմը հրապարակել է ԼՂ հայ բնակչության ինտեգրման ծրագրի մանրամասները։ Մասնավորապես նշվում է, որ ԼՂ-ում կառավարումն իրականացվելու է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցչությունների միջոցով:
Ադրբեջանական իշխանությունները, չնայած այն հանգամանքին, որ ԼՂ-ում մի տասնյակ մարդ է մնացել, խոստանում են, որ կպահովեն կրոնի ազատությունը, մշակութային եւ կրոնական հուշարձանների պահպանությունը: Բաքուն պնդում է, որ հայոց լեզվի օգտագործման հնարավորություն կստեղծվի։
«Ղարաբաղի շրջանում բնակվող հայ բնակիչները կարող են ներգրավվել ներքին գործերի մարմիններում»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ղարաբաղում բնակվող հայերը, ադրբեջանական իշխանությունների հավաստմամբ՝ «կընդգրկվեն աշխատանքի վարձատրության եւ սոցիալական վճարների համակարգում»։
Շարունակելով այսպես կոչված «վերաինտեգրման» թեման՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմից հայտարարել են, թե «Ղարաբաղում բնակվող հայ բնակիչների բնակավայրերում կապահովվի մանաթի օգտագործումը։ Ըստ պաշտոնական Բաքվի՝ սուբսիդիաներ կտրամադրվեն Ղարաբաղում բնակվող հայ ֆերմերներին, քաղաքապետարաններ կձեւավորվեն այն տարածքներում, որտեղ բնակվում են հայ բնակիչներ։ Խոստանում են նաեւ միջոցառումներ անցկացնել Ղարաբաղի հայ բնակիչների ձեռնարկատիրական գործունեությանն աջակցելու համար»։