Հոկտեմբերի 2-ին ՀՀ արտգործնախարարությունում տեղի է ունեցել հանդիպում Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների եւ միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ:
ՀՀ արտգործնախարար Միրզոյանը ՀՀ փոխվարչապետներ Տիգրան Խաչատրյանի եւ Մհեր Գրիգորյանի հետ ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի շարունակական հայատյաց քաղաքականության եւ, մասնավորապես, սեպտեմբերի 19-ին սանձազերծած լայնածավալ ռազմական հարձակման հետեւանքով ստեղծված իրավիճակը: Նա հիշեցրել է, որ Ադրբեջանի գործողություններն ուղեկցվել են քաղաքացիական բնակչության եւ ենթակառուցվածքների թիրախավորմամբ՝ հանգեցնելով 100-ավոր զոհերի եւ վիրավորների: Նախարարը հավելել է, որ ադրբեջանական ագրեսիային նախորդել էր Լեռնային Ղարաբաղը Հայաստանին եւ ամբողջ աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի ավելի քան 9-ամսյա ապօրինի արգելափակումը:
ՀՀ արտգործնախարարն ընդգծել է, որ հայկական կողմի շարունակական ահազանգերը, որ Ադրբեջանը կանխամտածված գործողություններով ծրագրում է Լեռնային Ղարաբաղը ենթարկել էթնիկ զտման, չհանգեցրին միջազգային հանրության՝ Բաքվի քաղաքականությունը կանխելու ուղղությամբ գործուն քայլերի: Արտգործնախարարը շեշտել է, որ ԼՂ բնակչությունը՝ 100 հազարից ավելի հայ, բռնի տեղահանման է ենթարկվել՝ գոյութենական վտանգ տեսնելով իրենց եւ իրենց ընտանիքների անդամների՝ ներառյալ երեխաների, կանանց ու տարեցների համար:
Անդրադառնալով նախօրեին Լեռնային Ղարաբաղ ՄԱԿ-ի առաքելության ժամանմանը՝ նախարարն ընդգծել է դրա ուշացած լինելը եւ այն հանգամանքը, որ այս պահին, ցավալիորեն, այդ առաքելության միակ արդյունքը կարող է լինել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտման փաստի արձանագրումը: