Չափազանց տարօրինակ է տեսնել, թե ինչպես է Գուտերեշի ներկայացուցիչ Դյուժարիկն աջակցում ադրբեջանական կեղծ նարատիվներին: Դրա մասին հայտարարել է Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:
«Ինչպե՞ս կարող են ՄԱԿ-ի ներկայացուցիչները տեղեկություններ ստանալ ռազմական հանցագործությունների մասին, երբ նրանց հաղորդակցությունը լիովին վերահսկվում էր ադրբեջանցիների կողմից: Ինչո՞ւ նա հղում չի կատարում Հայաստան բռնի տեղահանված վկաներին»,- X-ի իր գրառման մեջ նշել է Արցախի նախկին Պաշտպանը:
Հոկտեմբերի 2-ին ավելի վաղ ֆրանսիական La Figaro պարբերականի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուսոնն X-ի իր գրառման մեջ քննադատել է ՄԱԿ-ի առաքելության ուշացած այցը Արցախ: «ՄԱԿ-ի շատ, շատ, շատ օգտակար առաքելություն Արցախի անապատում, այժմ, երբ նրա գրեթե բոլոր հայ բնակիչները հալածվել են (չեն սպանվել) ադրբեջանցիների ձեռքով, եւ երբ այնտեղ ոչինչ չկա անելու կամ պաշտպանելու (բացի հորթերից, կովերից եւ խոզերից)»,- հեգնել էր Բյուսոնը։
Հիշեցնենք՝ ՄԱԿ-ի առաքելությունը Լեռնային Ղարաբաղ է ժամանել միայն հոկտեմբերի 1-ի առավոտյան: