Հայաստանից Ռուսաստան կոնյակ տեղափոխող շուրջ 60 բեռնատար ավտոմեքենա երկու շաբաթ է, ինչ կանգնած է Վերին Լարսի անցակետում։ Ռուսաստանը նրանց թույլ չի տալիս հատել սահմանը։ Պաշտոնապես պատճառաբանել են, թե ստուգում են ապրանքի կեղծ կամ իրական լինելը։ Յուրաքանչյուր բեռնատար տեղափոխում է 20 հազար շիշ կոնյակ։ Այսինքն՝ Լարսում սպասող բեռնատարներում կա շուրջ 1 մլն 200 հազար շիշ կոնյակ։
Բեռնափոխադրող ընկերություններից մեկի տնօրենը, որը չցանկացավ ներկայանալ, «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասաց, թե խնդիրը նոր չէ, արդեն երկու ամիս է, ինչ մեր կոնյակ արտահանողները Վերին Լարսի անցակետում երկար սպասելու դժվարության առաջ են կանգնած։
Կոնյակ տեղափոխող մեքենաներն ի վերջո անցել են, բայց օրեր շարունակ սպասելը ավելացրել է բեռնափոխադրման ծախսերը։ Անցած երկու ամիսների զարգացումները ցույց են տալիս, որ առաջիկայում Ռուսաստանն իրենց ոչ թե երկար սպասեցնելու, հետո է թույլ տալու հատել անցակետը, այլ հրաժարվելու է իրենց առաջ դռները բացելուց։ Եվ չի բացառվում, որ հայկական կոնյակը չմտնի այդ երկիր։
Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը տեղեկացնում է, որ վերջին ամիսներին ռուսական կողմը փոխել է Հայաստանից կոնյակի ներմուծման պայմանները, որակի վերահսկողության նոր պահանջներ է ներկայացրել այն դեպքում, երբ այդ առեւտուրն իրականացվում էր ԵԱՏՄ-ի ընդունած չափորոշիչներին համապատասխան։
Ռուսաստանը միակողմանի որոշել է, որ այդ կառույցի շրջանակում ընդունված սերտիֆիկացումը, սահմանված չափորոշիչներին համապատասխան, Հայաստանում կատարված որակի ստուգումներն այլեւս չպետք է գործեն մեր կոնյակի վրա։ Եվ մեր երկրից գնացող բեռները կանգնեցնում է անցակետում, նմուշներ վերցնում եւ օրեր շարունակ ստուգում՝ դրանք կեղծվա՞ծ են, համապատասխանո՞ւմ են պահանջվող չափորոշիչներին, թե՞ ոչ։
Ընդ որում՝ Հայաստանը կամ արտահանողը հնարավորություն չունի միջամտելու կամ ծանոթանալու այդ ստուգումներին։ Եվ եթե ռուսական համապատասխան կառույցը պատասխան ներկայացրեց, որ կոնյակը չի համապատասխանում իր պահանջած որակական պայմաններին, հայ արտահանողը չի կարող այն բողոքարկել՝ պետք է հետ բերի իր բեռները։
Ռուսաստանը նույն խիստ պահանջները չի ներկայացնում ԵԱՏՄ անդամ մյուս երկրներին, օրինակ՝ Բելառուսից ներկրվող կոնյակի նկատմամբ։ Եվ դա Ավագ Հարությունյանին մտածելու տեղիք է տվել, որ մեր դաշնակցի այդ վերաբերմունքը պայմանավորված է մեր երկու երկրների միջեւ լարված հարաբերություններով, որ արտաքին կապերը դիվերսիֆիկացնելու մեր փորձերի պատճառով Ռուսաստանն արդեն սկսել է տնտեսական պատժամիջոցներ կիրառել Հայաստանի նկատմամբ։
«Կրիմինալ համակարգեր են աշխատում քաղաքական հիմքով։ Ռուսաստանը գլոբալ առումով եւ երկարաժամկետ կտրվածքով պաշտպանում է իր շուկան, ծրագիր ունի զարկ տալու սեփական արտադրությանը։ Սա պատճառն է, բայց առիթը վերջին իրադարձություններն են, երբ Հայաստանը փորձեց քաղաքականապես մի քիչ դեպի Արեւմուտք գնալ»,- ասում է Ավագ Հարությունյանը։
Վերջինս նաեւ տեղեկություններ ունի, որ Ռուսաստանը Հայաստանից ներկրվող կոնյակի վրա կիրառվող իր պահանջները եկող շաբաթվանից կտարածի նաեւ գինու վրա։ Իսկ Ռուսաստան է արտահանվում մեր երկրում արտադրված կոնյակի եւ գինու ավելի քան 80 տոկոսը։ Այդպիսով դեպի Ռուսաստան հայկական գինու եւ կոնյակի արտահանումը կարող է կասեցվել։ Դա շատ մեծ հարված կլինի մեր երկրի արտահանմանը, քանի որ միայն այդ ապրանքները տարիներ շարունակ եղել են մեր ընդհանուր արտահանման շուրջ 15 տոկոսը։
Իհարկե, խնդրի հիմքում ընկած են մեր երկու երկրների միջև առկա լարված հարաբերությունները, բայց մեր արտադրողներն ու արտահանողները, ի վերջո մեր պետությունն ունի իր օբյեկտիվ մեղքի իր բաժինը։ Հայաստանի իշխանություններն այդպես էլ կամք չդրսեւորեցին եւ գինու ու կոնյակի արտադրության որակի վրա մեծ ուշադրություն չդարձրին։
Այսօր Ռուսաստան է արտահանվում ոչ միայն բարձրորակ, այլեւ ցածրորակ կոնյակ, եւ որ ամենավտանգավորն է, նաեւ՝ ներկրվող կոնյակի սպիրտ։ Վերջինս Ռուսաստանում շշալցվում է եւ հայկական կոնյակի անվան տակ վաճառվում՝ վնասելով մեր տեղական որակյալ արտադրության վարկանիշին։
Վրաստանը 2006 թվականից արգելել է լիտրով կոնյակի եւ գինու արտահանումը եւ որակի ցուցանիշների նկատմամբ խիստ վերահսկողություն է իրականացնում։ Արդյունքում այսօր Վրաստանի կոնյակի վարկանիշը բավականին բարձրացել է։ Իսկ Հայաստանը չդադարեցրեց խորհրդային տարիների սխալ քաղաքականությունը, քանի որ շատ հեշտ ու էժան է լիտրով կոնյակի սպիրտ ներկրելն ու արտահանելը։ Այդպես գործարարը միտք, ջանք ու մեծ ֆինանսներ չի ներդնում, աշխատատեղեր չի բացում, պետությանը մեծ հարկեր էլ չի վճարում եւ խոշոր շահույթներ է ստանում։
«Հայաստանից արտահանում են սպիրտից պատրաստված եւ տեղում արտադրված մեկ դոլար արժողությամբ անորակ կոնյակ այն դեպքում, երբ որակյալի ինքնարժեքը 2 դոլարից ավելի է։ Արտադրողները գյուղացուն ստիպում են էժան խաղող վաճառել, եւ պետությունը սուբսիդավորում է դա։ Ստացվում է՝ մեր աղքատ պետությունը Ռուսաստանի տնտեսության սուբսիդավորմամբ է զբաղված։ Սա զարգացման ճանապարհ չէ, սա Հայաստանը Ռուսաստանից կախվածության մեջ գցել է։ Եվ այսօր կանգնեցինք արտահանման խնդրի առաջ»,- եզրափակում է Ավագ Հարությունյանը։
Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։