ՀՀ իշխանություններն ամեն ինչ անում են Ազատ գյուղում հրդեհի հետեւանքով 15 զինծառայողի մահվան դեպքը կոծկելու համար։ Դրա մասին հայտարարել է զոհված զինվորների ծնողների փաստաբան Նորայր Նորիկյանը։ Նա նշել է, որ գործով հոկտեմբերի 4-ին Վարդենիսում տեղի կունենա խորհրդակցություն։
Ըստ փաստաբանի՝ Ազատ գյուղում հրդեհի հետեւանքով 15 զինծառայողի մահվան դեպքին առնչվող գործը 22 հատոր է, բայց ծնողներին ընդամենը 3 օր ժամանակ է տրվել այն կարդալու համար։ Տուժողները դատախազությունից խնդրել են փոխել քննիչին, սակայն մերժում են ստացել։
Նորիկյանը նշել է, որ դատախազությունն ու նախաքննական մարմինը շտապում են՝ անհասկանալի պատճառներով փորձելով գործը հնարավորինս արագ ուղարկել դատարան՝ կոպտորեն խախտելով տուժողների իրավունքները։
«Պետությունն ամեն ինչ արեց, որ այս հանցագործությունն ամբողջությամբ չբացահայտվի, մեղավորները չբացահայտվեն, եւ պաշտոնական վարկածը հաստատվի»,– ընդգծել է պաշտպանը։