Հոկտեմբերի 12-ին աշխատանք փնտրող արցախահայերին սպասում են Գյումրիում: Համահայկական ամենամեծ բիզնես ակումբը՝ Մանթաշյանց գործարարների միության Գյումրու մասնաճյուղը, եւ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը համատեղ աշխատանքի տոնավաճառ են կազմակերպելու: Ներգրավել են աշխատանք առաջարկող այլ կազմակերպությունների եւս:
Սպասարկման, հաշվապահության, արտադրության, տպագրության ոլորտներում, ինչպես նաեւ արհեստավորների, հացթուխների, մաքրուհիների, բանվորների աշխատատեղերը կներկայացվեն մեկ հարթակում, միայն արցախցիների համար:
Մանթաշյանց գործարանային միության Գյումրու մասնաճյուղի համակարգող Մերի Աղաբաբյանն «Ալիք Մեդիային» տեղեկացրեց, որ միությունն առաջարկում է ավելի քան 1000 աշխատատեղ տարբեր ոլորտներում, որից 50-ը Գյումրիում է: Շուրջ 70 տեղահանված արցախցի արդեն հասցրել են օգտվել Մանթաշյանցի առաջարկից ու աշխատանք են գտել: