Ադրբեջանական լրատվամիջոցներն ազդարարել են, որ միջազգային կազմակերպությունների ճնշող մեծամասնությունը «մերժել է Ղարաբաղի լեռնային հատվածում տեղի ունեցող զարգացումների հայկական վարկածը»՝ նշելով, որ «բռնության ոչ մի փաստ չի եղել հայերի նկատմամբ, որոնք որոշել են տեղափոխվել Ադրբեջանից»։
Ըստ նույն ադրբեջանական լրատվամիջոցների՝ ԵՄ նախագահ Շառլ Միշելը եւս համաձայն է միջազգային հանրության հետ․ Euronews-ին տված հարցազրույցում Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը, խոսելով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին, ասել է, որ «աշխարհը պահանջում է բանակցություններ, որոնք կարող են որոշել երկու կողմերի պարտավորությունները»: Այնուամենայնիվ, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ԵՄ ղեկավարը հայերի հեռանալը Ղարաբաղից «էթնիկ զտում» չի անվանել։
ԵՄ նախագահ Շառլ Միշելն իր խոսքում իսկապես չի գործածել «էթնիկ զտում» արտահայտությունը, սակայն շեշտելը, որ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի շուրջ չի ապահովել խաղաղությունն ու անվտանգությունը՝ դա հայ բնակչության նկատմամբ դավաճանություն որակելով, ինքնին խոսում է էթնիկ զտումների անհերքելի փաստի մասին։ Հակառակ դեպքում ինչի՞ց պիտի պաշտպաներ ՌԴ խաղաղապահ զորախումբը անվտանգության երաշխիքներից զուրկ եւ ԼՂ-ից անհապաղ հեռանալու որոշում ընդունած ավելի քան 100 հազար հայերին, եթե ոչ էթնիկ զտումներից։