Ֆրանսիայում, ԱՄՆ-ում եւ Հայաստանում գործող «Բոլորը հանուն Հայաստանի» (AllForArmenia.org) կազմակերպությունը հանդես է եկել Լեռնային Ղարաբաղի «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանը փրկելու գործնական քայլերի շուրջ համախմբվելու նախաձեռնությամբ:
Կազմակերպությունը նշել է, որ Արցախում ազգային ինքնության նշանը՝ «Մե՛նք ենք մեր սարերը», այլ կերպ հայտնի նաեւ որպես «Դեդո-բաբո», «Պապիկ-տատիկ», վիթխարի hուշարձան է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում։ Լեռնային Ղարաբաղից հայերի լիակատար արտագաղթի եւ անհապաղ տարհանման անհրաժեշտության հետեւանքով արցախահայերի խորհրդանիշ հուշարձանը մնացել է ԼՂ-ում։ Այդ հանգամանքը խորապես անհանգստացնում է ԼՂ նախկին բնակիչներին, քանի որ «Պապիկ-տատիկ»-ն ընկալվում է Կովկասի լեռներում հայկական ազգային ինքնության նյութական մարմնավորումը:
«Բոլորը հանուն Հայաստանի» կազմակերպությունը համապատասխան մասնագետների է փնտրում՝ փորձելով հուշարձանն առանց մասնատման տեղափոխելու միջոց գտնել:
«Անհրաժեշտ է անհապաղ միջոցներ ձեռնարկել հուշարձանը Ստեփանակերտից հանելու համար, քանի որ ժամանակը սուղ է: Սույն խնդրագիրը նպատակ ունի տեղ հասցնելու հուշարձանի փրկության օգտին հնչող ձայները եւ ցույց տալու, թե որքան մեծ նշանակություն ունի այն հանրության համար»,- նշված է հայտարարության մեջ։