Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան հայտնել է, որ պաշտոնապես դիմել է Եվրամիության արտաքին եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելին՝ ՀՀ-ում դիտորդական առաքելությունն ընդլայնելու, մանդատը մեծացնելու, նաեւ Հայաստանը «Խաղաղության եվրոպական մեխանիզմում» ներառելու համար:
«Մեր նպատակն է, որ ԵՄ-ն եւ նրա անդամները հստակ ազդակներ ցույց տան Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ։ Ցանկացած գործողություն, որը կսպառնա ՀՀ տարածքային ամբողջականությանը, շատ կոպիտ արձագանքի կարժանանա»,- նշել է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Կատրին Կոլոննան շեշտել է, որ Ռուսաստանը եռակողմ համաձայնության շրջանակում չի հարգել իր պարտավորությունները։ «ՌԴ-ն պիտի ապահովեր քաղաքական լուծման ուղիները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Դա իր պարտավորությունն էր, որը չի կատարել»,- ընդգծել է Ֆրանսիայի արտգործնախարարը:
«ԼՂ-ի հայերը ինքնակամ չեն լքել իրենց տները, սա բռնի տեղահանում էր։ Ես պետք է եւս մեկ անգամ ընդգծեմ, որ տեղի ունեցածը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է»,- նշել է Կատրին Կոլոննան: Նա հավելել է, որ անհրաժեշտություն է տեսնում եւս մեկ անգամ հայտարարելու դրա մասին, քանի որ լսվում են հայտարարություններ, ըստ որոնց՝ մարդիկ ԼՂ-ից ինքնակամ են լքել իրենց տները։ «Դա այդպես չէ»,- շեշտել է Ֆրանսիայի արտգործնախարարը: