Այսուհետեւ «Ղարաբաղ Տելեկոմի» բջջային կապի 097 կոդով բոլոր հեռախոսահամարները կգործեն Հայաստանում գործող Team Telecom օպերատորի ցանցում: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նման որոշում է ընդունել՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ ավելի վաղ «Ղարաբաղ Տելեկոմը» տեխնիկական համագործակցության համաձայնագիր էր կնքել «Թիմ Տելեկոմի» հետ:
«Թիմն» ունի այս SIM քարտերի անվտանգության ծածկագրերը եւ անհրաժեշտ տեխնիկական այլ պայմաններ այդ քարտերն իր ցանցում ներառելու համար: ՀԾԿՀ–ից պարզաբանել են, որ եթե 097 կոդով բաժանորդների մի մասը կապին առնչվող դժվարություններ ունենա, հնարավոր պատճառներից մեկը կարող են լինել նախորդ սերնդի SIM քարտերը, որոնք «Թիմի» սպասարկման գրասենյակներում կարելի է փոխանակել նորերով։
Միեւնույն ժամանակ այս բաժանորդները չեն սահմանափակվի «Թիմի» ցանցով. Հայաստանում գործող բջջային հեռախոսահամարների` ցանկացած այլ ցանց տեղափոխելու ծառայությունը (Mobile Number Portability) կտարածվի նաեւ 097 կոդով հեռախոսահամարների վրա: Այսպիսով՝ «Թիմ» ընկերությունը 097 կոդով նոր համարներ չի տրամադրի եւ կսպասարկի միայն արդեն գործող համարները (մոտ 234 հազար): Բանն այն է, որ Արցախի բնակիչների մի մասը կարող էր ունենալ մեկից ավելի հեռախոսահամար, եւ Հայաստանի բնակիչների մի մասը նույնպես օգտագործում է արցախյան հեռախոսահամարներ։