Ֆրանսիական Le Monde պարբերականը հայտնել է, որ Ադրբեջանը վերաթողարկում է Լեռնային Ղարաբաղի քարտեզը:
«Լեռնային Ղարաբաղի հանձնումից երկու շաբաթ անց Ադրբեջանը հոկտեմբերի 3-ին վերաթողարկել է նախկին հայկական անջատողական անկլավի (հայերեն՝ Ստեփանակերտ, ադրբեջաներեն՝ Խանքենդի) մայրաքաղաքի քարտեզը։ Այս փողոցներից մեկն անվանակոչվել է 1915 թվականի Հայոց ցեղասպանության գլխավոր հրահրողներից մեկի՝ թուրք զինվորական Էնվեր փաշայի անունով։ Քարտեզն առաջին անգամ հրապարակվել է 2021 թվականի օգոստոսին»,- նշում է պարբերականը։
Le Monde-ի հեղինակը գրում է, որ քարտեզը վերաթողարկվում է հենց այն պահին, երբ Բաքուն ակտիվացնում է ջանքերը՝ համոզելու միջազգային հանրությանը, որ հարգելու է անկլավում մնալ ցանկացող Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները: Մինչդեռ, ըստ հոդվածագրի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը խոստացել էր «խաղաղ վերաինտեգրում» անցկացնել եւ տարածաշրջանը վերածել «դրախտի»։
Ինտեգրման գործընթացի մեկնարկը պաշտոնապես հայտարարվել էր հոկտեմբերի 1-ին: Ադրբեջանական լրատվամիջոցները լայնորեն տարածեցին երկու անձանց՝ ենթադրաբար հայերի մասին մի տեսանյութ, որոնք իբր նախընտրել են մնալ եւ ապրել Լեռնային Ղարաբաղում՝ Ադրբեջանի տիրապետության տակ: Այս երկու անձանց իրական ինքնությունն ու ծագումը հայտնի չեն:
Ադրբեջանցիների հետ ապրելն անհնար է պատկերացնելն անգամ
Եթե հայերը մնան Լեռնային Ղարաբաղում, դա Ադրբեջանին հնարավորություն կտա ի ցույց դնելու իր «խաղաղ վերաինտեգրման» ծրագիրը: Դա կարող է նաեւ պատրվակ դառնալ Ռուսաստանի համար՝ Լեռնային Ղարաբաղի 2020 թվականի պատերազմի ավարտից հետո տարածաշրջանում տեղակայված իր 2000 խաղաղապահներին պահելու համար:
Այնուամենայնիվ, Հայաստանում Le Monde-ին հանդիպած տեղահանվածների թվում չկար գեթ մեկը, որ հավատար «խաղաղ վերաինտեգրման» հնարավորությանը կամ նույնիսկ նրան, որ հայերը իրենց կամքով կգերադասեն մնալ անկլավում: «Նրանք սպանում եւ բռնաբարում են խաղաղ բնակիչներին, ինչպե՞ս կարող ենք պատկերացնել նրանց հետ ապրելը»,- ասաց տեղահանվածներից մեկը:
2020 թվականին Լեռնային Ղարաբաղում Բաքվի հաղթանակից հետո նախագահ Ալիեւը պարծենում էր, թե ադրբեջանական ուժերը հայերին «շան պես» վռնդել են։ Սեպտեմբեր 19-ին ադրբեջանցիների գրոհից հետո, որի գագաթնակետը դարձավ Լեռնային Ղարաբաղի անկումը, շուրջ 120 հազար հայերը, իրենց կյանքի համար տագնապած, զանգվածաբար փախան Հայաստան: Տարածաշրջանը, որը մինչ այժմ հիմնականում հայերով էր բնակեցված, այժմ փաստացի դատարկ է։ Հայաստանը դատապարտել է դա՝ «էթնիկ զտում» որակելով:
Կիրակի ՄԱԿ-ի առաքելությունը մոտ 30 տարվա ընթացքում առաջին անգամ մարդասիրական կարիքների գնահատման համար ի վերջո այցելեց Լեռնային Ղարաբաղ: ՄԱԿ-ի առաքելությունը հայտարարեց, որ հրադադարից հետո ավերածությունների ականատես չի եղել եւ խաղաղ բնակչության նկատմամբ բռնության մասին տեղեկություններ չի լսել, ինչը թերահավատություն եւ վրդովմունք առաջացրեց հայերի շրջանում: