Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը հայտարարել է, որ Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան «հիմնական աշխարհագրական գիտելիքների» կարիք ունի։ Քըլըչը X սոցիալական ցանցում մեկնաբանել է ֆրանսիացի նախարարի հրապարակումը, որում նա զետեղել է Արարատ լեռան լուսանկարը։
«Տիկին նախարար, լուսանկարում պատկերված Աղրի լեռը Թուրքիայի սահմաններում է եւ հետեւաբար Թուրքիայի անբաժանելի մասն է։ Ուստի մտավախություն ունեմ, որ դուք կա՛մ ընդհանրապես չեք հասկանում ձեր այցի նպատակը, կա՛մ էլ տարրական աշխարհագրական կրթության խիստ կարիք ունեք»,- գրել է թուրք հատուկ բանագնացը։
Պատասխանելով այս իրավիճակի վերաբերյալ Anadolu-ի հարցին՝ Քըլըչն ասել է, որ Փարիզի դիրքորոշումը վնասում է տարածաշրջանում իրավիճակի կարգավորմանն ուղղված ջանքերին։ «Ես մտահոգված եմ, որ երկրի արտգործնախարարը, որի դիրքորոշումը հանգեցրեց տարածաշրջանում խաղաղության ձգձգմանը 30 տարի, այժմ նման սադրանքներով վնասում է տարածաշրջանում իրավիճակը կարգավորելու ջանքերին»,- ընդգծել է նա։
Հոկտեմբերի 3-ին Հայաստան ժամանած Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան ինքնաթիռից արված լուսանկար էր հրապարակել: «Վերադարձ Հայաստան՝ իմ առաջին այցելությունից 5 ամիս անց։ Բարեկամություն, աջակցություն եւ համերաշխություն»,- գրել էր Կոլոննան։