Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 4-ի երեկոյան աշխատանքային այցով կմեկնի Իսպանիա: Նա հոկտեմբերի 5-ին Գրանադա քաղաքում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովին: Միջոցառման շրջանակում վարչապետը հանդիպումներ կունենա միջազգային գործընկերների հետ:
Փաշինյանն ավելի վաղ ասել է, որ ցավում է, որ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումը չի լինելու. «Բայց հուսով ենք՝ հայեցակարգային փաստաթուղթը, որ դրված է սեղանին, հարմար պահի կստորագրվի։ Ես պատրաստ եմ այդ պայմանագիրը ստորագրելու և ցավում եմ, որ վաղն առիթ չունեմ հայտարարելու, որ այդ կարևոր որոշումը կայացված է»։
Բացի դրանից՝ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարել է, որ Գրանադայում շրջադարձային նշանակության փաստաթուղթ ստորագրելու հնարավորություն կար․ «Փաստաթուղթ, ասում եմ, շրջադարձային նշանակության, դա էն փաստաթուղթն է, որը խամաճիկային ընդդիմությունը ամեն ինչ անում էր, որպեսզի ներկայացվի որպես կործանարար փաստաթուղթ։ Բայց Գրանադա մեր այցելությունը (մենք պատվիրակությունով ենք մեկնում, նաեւ արտգործնախարարը, ԱԽ քարտուղարը) մենք չենք չեղարկել, մեկնում ենք, մենք էնտեղ ունենալու ենք հանդիպումներ եւ, ըստ էության, փորձելու ենք ավելի դետալացված մեր դիրքորոշումները ներկայացնել»։