ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշել է այն պայմանը, թե որ դեպքում ինքը հրաժարական կտա, առանց վայրկյան անգամ կորցնելու։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը փորձել է պարզել` արդյոք Փաշինյանը մնում է իր այն մոլուցքային կարծիքին, որ կա՛մ պետք է շարունակի լինել ՀՀ վարչապետ, կա՛մ Հայաստանը չի ունենա վարչապետ։
«Ես ձեր ձեւակերպումներից «մոլուցքայինը» կփոխարինեմ «հայեցակարգային» բառով։ Իմ հայեցակարգային մոտեցումն այնպիսին է, որ ՀՀ ժողովուրդն իր ընտրությամբ պետք է որոշի, թե ով է ՀՀ վարչապետը։ Եթե իմանամ, որ իմ հրաժարականով եւ ընդհանրապես հեռացումով բոլոր մարտահրավերները կհասցեագրվեն, ես դա կանեմ հաջորդ վայրկյանին։ Ի հեճուկս ձեզ՝ ես աթոռից կախված չեմ»,– հայտարարել է Փաշինյանը։ Նա հավելել է, որ իր բոլոր վերլուծությունները ցույց են տալիս, որ դա անելու դեպքում տեղի կունենա ճիշտ հակառակը։
Ըստ Փաշինյանի՝ 2018 թվականից ի վեր, ինչ ինքը դուրս է եկել ձերբակալվածների պահման վայրից, միայն ՀՀ ժողովուրդն է որոշում՝ ով պետք է լինի երկրի ղեկավարը։