Լեռնային Ղարաբաղում գրեթե հայ չի մնացել, ինչը էթնիկ զտման վառ օրինակ է։ ՀՀ Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Մենք դեռ համոզված ենք, որ Հարավային Կովկասում խաղաղությունն այլընտրանք չունի։ Բայց, ցավոք, տեսնում ենք, որ կողմերից մեկը չի կիսում այդ մոտեցումը՝ պարբերաբար դիմելով ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքի։ Մի քանի օր առաջ մենք ականատես եղանք Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողություններին, որի արդյունքում տեղի ունեցավ բնակչության բռնի տեղահանում»,– ասաց նախարարը։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ անհնար է հերքել ԼՂ-ում էթնիկ զտումների փաստը։ Նախարարը վստահեցրել է, որ Երեւանը կհետեւի միջազգային ընթացակարգերին եւ ամեն ինչ կանի միջազգային ատյաններում Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների պաշտպանության համար։
Այդուհանդերձ, ըստ արտգործնախարարի, ՀՀ իշխանությունները նախկինի պես համարում են, որ Ադրբեջանի հետ տարիներով կուտակված բոլոր հարցերն ու խնդիրները կարելի է լուծել քաղաքական երկխոսության միջոցով: Միրզոյանը կրկին հիշեցրել է, որ ՀՀ-ն պատրաստ է տարածքային ամբողջականության, ինքնիշխանության եւ անկախության փոխադարձ ճանաչման, խաղաղության վրա հիմնված պայմանագիր կնքելու Ադրբեջանի հետ։