Եվրախորհրդարանը մտադիր է բանաձեւ ընդունել, որով ԵՄ-ից պահանջելու է Լեռնային Ղարաբաղի իրադարձությունների առնչությամբ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ եւ նվազեցնել ադրբեջանական գազի ներկրումը ԵՄ։ Միեւնույն ժամանակ Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անելու ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության միջազգային երաշխիքները:
Եվրախորհրդարանի պատգամավորները նախատեսում են նաեւ կոչ անել ԵՄ դիվանագիտության ղեկավար Ջոզեպ Բորելին՝ դադարեցնելու Ադրբեջանի հետ գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցությունները, քանի դեռ Բաքուն չի ցուցաբերել ԼՂ հայերի իրավունքներն ու անվտանգությունը հարգելու պատրաստակամություն։
Պահանջների չկատարման դեպքում Եվրախորհրդարանում մտադիր են դիտարկել վիզային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագրի կիրառումը կասեցնելու եւ համագործակցության մակարդակը նվազեցնելու հնարավորությունը։