1994-ի գարնանը Մոսկվայում էին հավաքվել ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարները։ Խորհրդի նիստում ընդունվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը վերաբերող հայտարարություն, որի նպատակը կայուն հրադադարի հաստատումն էր։ Դրան պետք է հաջորդեր համաձայնագրի ստորագրումը։
«Ամեն ինչ կախված է Ադրբեջանի քաղաքական կամքից։ Հայաստանը եւ Ղարաբաղը պատրաստ են հենց ձեր առջեւ, այստեղ, այս սեղանի մոտ ստորագրելու այն համաձայնագիրը, որը պատրաստել է Ռուսաստանը»,- հայտարարեց Հայաստանի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։
ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎ — Իհարկե, նորմալ չէ, որ երկու պետություններ՝ Հայաստանը եւ Ադրբեջանը, լինելով Անկախ պետությունների համագործակցության կազմում, պատերազմի մեջ են միմյանց հետ։
Համաշխարհային պրակտիկայում նման բան չի եղել։ Ես դրա մասին խոսել եմ Աշգաբադում դեկտեմբերի 24-ին։ Ես դրա մասին խոսեցի այսօր էլ պետությունների ղեկավարների հանդիպման ժամանակ։ Եղավ մտքերի փոխանակում, եւ արդյունքում ՌԴ նախագահ Բորիս Ելցինի առաջարկությամբ այդ հարցով ընդունվեց հայտարարություն։
Իհարկե, դա նորմալ չէ։ Ես ասել եմ եւ կասեմ, որ սա անհեռանկար պատերազմ է։ Պետք է վերջ դնել այս պատերազմին։ Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը բռնազավթված է հայկական զինված ուժերի կողմից։ Հաշտվել սրա հետ անկարելի է։ Եվ այդ ճանապարհով փորձել հասնել ինչ-ինչ նպատակների, որոնք դրել են որոշ շրջանակներ, հնարավոր չէ։
Ես այդ հարցով դիմել եմ պետությունների ղեկավարներին, դիմել եմ Բորիս Նիկոլայեւիչ Ելցինին եւ հուսով եմ, որ կրակի եւ ռազմական գործողությունների դադարեցման մասին հայտարարությունը, որն ընդունվել է այսօր, ի դեպ ԱՊՀ-ի գոյության ընթացքում առաջին անգամ, կօգնի։
Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները հայտարարել են, որ ցանկացած պահի պատրաստ են հրադադարի։ Մենք ագրեսիայի ենք ենթարկվում։ Պատերազմն Ադրբեջանի տարածքում է եւ ոչ Հայաստանի։
Բոլոր դեպքերում անում ենք եւ անելու ենք ամեն ինչ կրակը դադարեցնելու համար, բայց պայմանն այն է, որ Ադրբեջանի օկուպացված տարածքներից հայկական զինված ուժերը դուրս գան։ Հուսով եմ, որ պետությունների ղեկավարների այս հայտարարությունը կօգնի մեզ լուծել այդ հարցը։
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ — Մինչեւ հարցին պատասխանելը ես ստիպված եմ անել մի ճշգրտում, որովհետեւ հարցի դրվածքում սխալ կա։
Ասվեց, որ ԱՊՀ-ում կան երկու պետություններ, որոնք պատերազմում են։ Նման բան չկա։ Պատերազմը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ է։
ԼՂ հակամարտության շուրջ ընդունված են ավելի քան տասնյակ միջազգային փաստաթղթեր, ՄԱԿ-ի ԱԽ մակարդակում՝ երեք բանաձեւեր, երեք հայտարարություններ, ԵԱՀԽ-ի մոտ տասը փաստաթղթեր, ԵՄ-ի հայտարարությունը, եւ դրանցից ոչ մեկում Հայաստանը ճանաչված չէ որպես պատերազմող երկիր։ Ես դա հերքում եմ կատեգորիկ կերպով եւ ամբողջ պատասխանատվությամբ։
Երկրորդը՝ կան ԼՂ հակամարտության կարգավորման կոնկրետ պլաններ։ ԵԱՀԽ-ի պլանը, որն ընդունել են Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը, եւ որը մերժել է Ադրբեջանը։ Կա Ռուսաստանի պլանը, որը դարձյալ ընդունում են Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը եւ մերժվում է Ադրբեջանի կողմից։
Այսօր ԱՊՀ-ն ընդունեց հայտարարություն հակամարտության առիթով, որը յուրօրինակ մանդատ է կարգավորման ռուսական պլանի համար։ Այդ պլանի էությունը հակամարտության գոտում՝ ադրբեջանական եւ ղարաբաղյան ուժերի միջեւ, ԱՊՀ-ի բաժանարար ուժերի տեղակայումն է։
Այժմ խաղաղության ճակատագիրը, փախստականների ճակատագիրը, պատերազմի եւ խաղաղության ճակատագիրը Ադրբեջանի ձեռքում է։ Ամեն ինչ կախված է Ադրբեջանի քաղաքական կամքից։ Հայաստանը եւ Ղարաբաղը պատրաստ են հենց ձեր [լրագրողների] առջեւ, այստեղ, այս սեղանի մոտ ստորագրելու այն համաձայնագիրը, որը պատրաստել է Ռուսաստանը։