Կառավարությունը սեպտեմբերի 5-ի իր նիստում հավանություն կտա «Ջերմուկ գրուպ» ընկերությանը գույք վաճառելու գործարքին։ Ըստ Կառավարության կայքում տեղադրված նախագծի՝ ներքին գործերի նախարարության ոստիկանությանն ամրացված՝ Արշակունյաց պողոտա 77 հասցեում գտնվող 3533.6 քմ մակերեսով շենք-շինությունները, ինչպես նաեւ դրանց զբաղեցրած, օգտագործման եւ սպասարկման համար հատկացված 0.941095 հա մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի ձեւով՝ 432.9 մլն դրամ գնահատված արժեքով, կօտարվի «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ին։ Ընկերությունը երեք տարվա ընթացքում այդտեղ պետք է 300 մլն դրամի ներդրում կատարի։
Ընդ որում՝ Կառավարությունը որոշել է հողամասը վաճառել աճուրդի եղանակով։ «Հաշվի առնելով ներդրումային ծրագրեր իրականացնելու նկատմամբ այլ ընկերությունների հնարավոր հետաքրքրվածությունը, ինչպես նաեւ պետական միջոցների օգտագործման արդյունավետության հնարավորինս բարձր մակարդակի ապահովումը` առաջարկում է նշված հասցեում գտնվող հողամասի օտարումն իրականացնել մրցութային կարգով` հնարավորություն ստեղծելով այլ ընկերություններին եւս ներկայացնելու ներդրումային ծրագրեր»,- նշված է նախագծում:
Կառավարությունը, սակայն, նույն աճուրդով վաճառվելու հնարավորությունը չի ընձեռում շենք-շինություններին։ Դրանք միանգամից «Ջերմուկ գրուպին» է վաճառելու։ Հիշեցնենք, որ այս ընկերությունը պատկանում է Հանրապետական խմբակցության նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանին։ Վերջինիս որդին՝ Վահագն Արսենյանը, ներկայում Ջերմուկ քաղաքի քաղաքապետն է։
Կառավարության նախագծում, սակայն, նշված չէ, թե «Ջերմուկ գրուպն» ինչ ներդրումներ պետք է կատարի այդ շենք-շինություններում։ Արդյո՞ք ինչ-որ սարքավորումներ, տեխնոլոգիաներ է ներդնելու, թե՞ ընդամենը տարածքը վերանորոգելու է։ Բայց դատելով գումարի փոքր լինելուց՝ ընդամենը 300 մլն դրամի կամ 750 հազար դոլարի չափից՝ կարելի է ասել, որ խոսքն այնքան էլ լուրջ ներդրումների մասին չէ։
Նաեւ նշված չէ, թե ընկերությունն ինչ նպատակներով է օգտագործելու այդ շինություններն ու հողամասը։ Ընդամենը նշենք, որ վաճառվող շենք-շինությունները եւ հողամասը «Ջերմուկ գրուպ» ընկերության անմիջական հարեւանությամբ են։