Ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են Արայիկ Հարությունյանի ձերբակալության դրվագները։
Ըստ Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության՝ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 100, 116, 117, 120, 214, 214-1, 214-3, 218, 279 եւ 9 այլ հոդվածներով։
Մասնավորապես՝ Արայիկ Հարությունյանի դեմ քրեական գործ է հարուցվել 2020 թվականի հոկտեմբերի 28-ին ահաբեկչության, զինված խմբավորումներ հավաքելու և օժանդակելու, մարդկության դեմ հանցագործության և այլ մեղադրանքներով։
Բաքուն հայտարարում է, որ «զբաղեցնելով ԼՂ նախագահի պաշտոնը՝ Հարությունյանը մասնակցել է Ադրբեջանի դեմ ագրեսիվ պատերազմի, զբաղվել է վարձկանների հավաքագրմամբ, ուսուցմամբ եւ ֆինանսավորմամբ՝ նրանց ներգրավելով ռազմական հակամարտություններին եւ ռազմական գործողություններին»: Նա մեղադրվում է 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի Գյանջա քաղաքի եւ Բարդայի շրջանի խաղաղ բնակչության ու քաղաքացիական ենթակառուցվածքների հրթիռակոծման համար։