Եվրախորհրդարանի 536 անդամները հոկտեմբերի 5-ին Ստրասբուրգում լիագումար նիստում 491 կողմ, 9 դեմ, 36 ձեռնպահ ձայներով բանաձեւ են ընդունել՝ կոչ անելով ԵՄ երկրներին պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ՝ կապված Արցախի Հանրապետության իրադարձությունների հետ, ինչպես նաեւ կասեցնել համագործակցության զարգացումը եւ նվազեցնել ադրբեջանական գազի ներկրումից կախվածությունը։
Արտաքին քաղաքականության հարցերի վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձեւերը իրավաբանորեն պարտավորեցնող չեն, սակայն եվրոպական մյուս կառույցները պետք է լսեն Եվրախորհրդարանի պատգամավորների կարծիքը։
«Եվրախորհրդարանը կոչ է անում ԵՄ-ին եւ անդամ երկրներին նպատակաուղղված պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի կառավարության այն անձանց նկատմամբ, որոնք պատասխանատու են Լեռնային Ղարաբաղում (Արցախում) հրադադարի բազմաթիվ խախտումների եւ մարդու իրավունքների ոտնահարումների համար»,– ասված է բանաձեւում։
Պատգամավորները նաեւ կոչ են արել «ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչին դադարեցնել բանակցությունները Ադրբեջանի հետ գործընկերության համաձայնագրի թարմացման շուրջ, քանի դեռ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի (Արցախը) հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը հարգելու իրական պատրաստակամություն չի ցուցաբերել»: Հակառակ դեպքում պատգամավորները «կոչ են անում ԵՄ-ին եւ անդամ երկրներին դիտարկել վիզային ռեժիմի հեշտացման մասին համաձայնագրի կիրառումը կասեցնելու եւ այլ ոլորտներում այս երկրի հետ համագործակցության մակարդակը նվազեցնելու հարցը»։
Եվրախորհրդարանը 22 կետից բաղկացած իր բանաձեւում միաժամանակ ԵՄ-ին կոչ է արել «նվազեցնել ԵՄ-ի կախվածությունը Ադրբեջանի գազից», իսկ Բաքվի եւ Հայաստանի հարաբերություններում լարվածության խորացման դեպքում «ամբողջովին դադարեցնել նավթի եւ գազի ներմուծումը» Ադրբեջանից։