Հայաստանի ազգային գրադարանում հոկտեմբերի 5-ին տեղի ունեցավ «Աղետների կառավարում» երկօրյա դասընթաց-վարժանքը՝ ուղղված թղթային կրիչների պաշտպանությանը։ Դասընթացի մասնակիցներն էին մշակութային կազմակերպությունների եւ արտակարգ իրավիճակների ծառայությունների մասնագետները:
Ծրագիրը նախաձեռնել են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը եւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը։ Դասընթաց-վարժանքն իրականացվեց Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի եւ Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի հետ համատեղ՝ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում, Հայոց ազգագրության եւ ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանում եւ Հայաստանի ազգային գրադարանում:
Ֆրանսիայի թանգարանների հետազոտությունների եւ վերականգնման կենտրոնի (C2RMF) կանխարգելիչ պահպանության ծրագրերի ղեկավար, Ֆրանսիայի «Կապույտ վահան» կազմակերպության նախագահ Մարի Կուրսելոն նշեց, որ վարժանքը երկու տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց՝ հրշեջ փրկարարներին ու մշակութային գործիչներին, հնարավորություն տվեց համագործակցելու: «Փրկարարները հաճախ չգիտեն մշակութային նմուշների հետ ինչպես վարվել, իսկ մշակութային գործիչները ծանոթ չեն փրկարարների աշխատանքի դժվարություններին»,- ընդգծել է Կուրսելոն։
Ծրագրի իրականացման նպատակով Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտը եւ հայաստանյան թանգարաններն ու մշակութային ժառանգության ոլորտում գործող կազմակերպությունները բազմաթիվ հանդիպումներ, երկամյա քննարկումներ եւ բանակցություններ են անցկացրել երկու երկրների միջեւ մշակութային ժառանգության ոլորտում երկամյա համագործակցության շնորհիվ: