Գրանադայում լրագրողների հետ զրույցում Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտարարել է, որ Եվրամիությունը շարունակելու է ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորմանն աջակցելու համար։ Նա շեշտել է, որ դժվարությունների ու խոչընդոտների առկայության պարագայում անհրաժեշտ կլինի դիվանագիտական ջանքեր գործադրել:
«Մենք համոզված ենք, որ կայուն եւ բարգավաճ Կովկասը բխում է Եվրոպական միության շահերից»,- հավելել է Միշելը:
Եվրոպական խորհրդի նախագահը Գրանադայում հայտնել է նաեւ, որ երկու օր առաջ խոսել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:
«Ես նրան հստակ ասել եմ, որ չեն կարող տարածքային պահանջներ ունենալ Հայաստանից։ Դա պետք է բարձրաձայնվի, եւ անհրաժեշտ է երաշխավորել, որ կա Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում»,- ընդգծել է Շառլ Միշելը: