2023-ին գրականության գծով նոբելյան մրցանակը շնորհվել է նորվեգացի գրող, դրամատուրգ Յուն Ֆոսեին՝ «նորարար պիեսների եւ արձակի համար, որոնցում նա հնչեցնում է այն, ինչ բառերով հնարավոր չէ արտահայտել»:
Ֆոսեն խոստովանել է, որ ապշած է ու, միաժամանակ, սարսափած իր մրցանակից:
Ըստ թատերագետների՝ Ֆոսեի պիեսների հանրաճանաչությունը պայմանավորված է նրանով, որ նա սյուժեներ է կառուցում ոչ թե հերոսների ուժեղ, այլ թույլ կողմերի՝ ինքնավստահության պակասի, մահվան վախի վրա։
Յուն Ֆոսեի առաջին վեպը՝ «Կարմիր, սեւ»-ը, լույս է տեսել 1983 թվականին, առաջին պիեսը՝ «Եվ մենք երբեք չենք բաժանվի, 1994-ին։ Նրա ամենահայտնի պիեսներից են՝ «Մի ամառային օր» (1998), «Վարիացիաներ մահվան թեմայով» (2001), «Ես քամին» (2007)։ Ամենահայտնի վեպերից են՝ «Առավոտ, երեկո», «Անքնություն» եւ այլն։
Գրականության Նոբելյան մրցանակի այս տարվա ֆավորիտների թվում էին այնպիսի հայտնի գրողներ, ինչպիսիք են Սալման Ռուշդին, Հարուկի Մուրակամին եւ Մարգարեթ Աթվուդը։