ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գրանադայում առանձին հանդիպումներ է ունեցել Հունաստանի, Սլովենիայի, Լյուքսեմբուրգի, Իռլանդիայի եւ Նորվեգիայի վարչապետների հետ։
Ըստ Կառավարության հաղորդագրության՝ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել է Հայաստանի եւ Հունաստանի միջեւ համագործակցությանը, ինչպես նաեւ Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր: Կողմերն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականությանն ու քննարկել դրա հետեւանքով 100 հազարից ավելի արցախահայերի բռնի տեղահանության հետեւանքով ստեղծված իրավիճակը:
Հունաստանի վարչապետը պատրաստակամություն է հայտնել հումանիտար աջակցություն ցուցաբերելու ԼՂ հայությանը եւ ընդգծել Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության ամրապնդման ուղղությամբ միջազգային հանրության կողմից անհրաժեշտ քայլերի իրականացման անհրաժեշտությունը:
Փաշինյանը Սլովենիայի վարչապետ Ռեբորտ Գոլոբի, Լյուքսեմբուրգի կառավարության ղեկավար Քսավիե Բեթթելի, Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադկարի եւ Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստորեյի հետ եւս քննարկել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայության խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ արվող քայլերը: