Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 5-ին Իսպանիայի Գրանադա քաղաքում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում համատեղ հայտարարություն են ընդունել:
Փաստաթղթում կողմերը վերահաստատել են «Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ Ադրբեջանի ռազմական գործողության դատապարտումը, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը՝ հիմք ընդունելով 1991 թվականի Ալմաաթիի հռչակագիրը եւ այն գիտակցումը, որ Հայաստանի տարածքը ներառում է 29.800 քառ. կմ, իսկ Ադրբեջանինը՝ 86.600 քառ. կմ»:
Նաեւ ընդգծել են, որ տարածաշրջանային հաղորդակցության կապերի բացումը պետք է հիմնված լինի երկրների ինքնիշխանության եւ իրավասության լիակատար հարգանքի, ինչպես նաեւ հավասարության եւ փոխադարձության սկզբունքների վրա։
Ընդգծվել է, որ Հայաստանն ու Եվրամիությունը կապված են ընդհանուր քաղաքական արժեքներով եւ կանոնների վրա հիմնված միջազգային կարգի նկատմամբ իրենց հավատարմությամբ:
«Այս դժվարին ժամանակներում ԵՄ-ն եւ Հայաստանը կանգնած են ուս ուսի: Մենք հանձնառու ենք առավել ամրապնդելու ԵՄ-Հայաստան հարաբերությունները։ Ինչպես քննարկեցինք այս շաբաթվա սկզբին, մեր անմիջական ուշադրության կենտրոնում է Հայաստան փախած ավելի քան 100 հազար ղարաբաղցի հայերի մարդասիրական կարիքները հոգալու հարցը: Քննարկել ենք, թե ինչպես ապահովել ԵՄ-ի կողմից տրամադրվող մարդասիրական օգնության եւ այլ անհապաղ աջակցության առավելագույն արդյունավետությունը, որը կկազմի 10,45 միլիոն եվրո»։
Նախագահ ֆոն դեր Լեյենը նաեւ հայտարարել է, որ Հանձնաժողովը որոշել է որպես բյուջետային աջակցություն իր տարեկան ծրագրից 15 միլիոն եվրո հատկացնել Հայաստանին։ Ըստ նրա՝ դա Հայաստանի կառավարությանը հնարավորություն կընձեռի լուծելու սոցիալ-տնտեսական հրատապ կարիքները, սննդամթերք եւ վառելիք ձեռք բերել:
Նշվում է, որ երկարաժամկետ հեռանկարում Եվրամիությունը եւ Հայաստանը վճռական են՝ ամրապնդելու իրենց տնտեսական կապերը՝ աշխատելով Համապարփակ տնտեսական գործընկերության համաձայնագրի ամբողջ ներուժը բացահայտելու ուղղությամբ:
«Մասնավորապես, Հայաստանի համար ԵՄ Տնտեսական եւ ներդրումային պլանը (EIP) նախատեսում է մինչեւ 2,6 միլիարդ եվրո, որը կօգտագործվի ենթակառուցվածքային եւ այլ կարեւոր նախագծերում ներդրումների համար։ Հանձնաժողովը եւ Հայաստանը կկրկնապատկեն ջանքերը կարեւոր ծրագրեր իրականացնելու համար։ Հանձնաժողովը կաջակցի նաեւ Հայաստանի մասնակցությանը տարածաշրջանային նախագծերին, ինչպիսին է Սեւծովյան էլեկտրաէներգիայի մալուխը: Վերջապես, Հանձնաժողովը կավելացնի տեխնիկական աջակցությունը Հայաստանին, մասնավորապես օդային անվտանգության եւ միջուկային անվտանգության ոլորտներում»,- ասված է հայտարարությունում:
Նախագահ ֆոն դեր Լեյենը տեղեկացրել է Հայաստանին աջակցելու համար ԵՄ-ԱՄՆ համատեղ միջոցառման նախապատրաստման մասին։ Առաջիկա օրերին Եվրոպական հանձնաժողովն ու Հայաստանի կառավարությունը կշարունակեն քննարկումները հարաբերությունների հետագա ամրապնդման ուղիների շուրջ։