Ի՞նչ լուծումներ է տեսնում ՀՀ կենտրոնական բանկը մի իրավիճակում, երբ սեպտեմբերի 19–ի ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներն Արցախում գործող բանկերում թողել են գրավադրված թանկարժեք իրեր, ոսկեղեն, նաեւ ավանդներ, ոմանք էլ ունեն հիպոթեքային պարտավորություններ:
Ըստ «Սպուտնիկ Արմենիա»-ի՝ ՀՀ կենտրոնական բանկից հայտնել են, որ Արցախում գործունեություն ծավալած հայաստանյան 7 առեւտրային բանկերն այս պահին գույքագրում են կատարում, որի արդյունքում ՀՀ Կառավարության եւ ՀՀ կենտրոնական բանկի հետ գործակցությամբ անհատական կամ ընդհանուր լուծումներ կառաջարկվեն եւ կներկայացվեն։ Թե որքան վարկեր եւ ավանդներ են եղել Արցախում գործող բանկերում, ԿԲ-ն տվյալներ չի հայտնել։ Ըստ ՀՀ կենտրոնական բանկի՝ Արցախում գործող բոլոր այս բանկերը Հայաստանի տարածքում լիցենզավորված եւ գրանցված բանկերի մասնաճյուղեր են: «Համապատասխանաբար, քաղաքացիների սպասարկումն իրականացվում եւ իրականացվելու է անկախ նրանց գտնվելու վայրից»,- ընդգծել են ՀՀ ԿԲ-ից:
Արցախում գործունեություն ծավալած հայաստանյան 7 առեւտրային բանկերն, ընդհանուր առմամբ, ունեին 20 մասնաճյուղ եւ բազմաթիվ բանկոմատներ։ Ամենամեծ թվով մասնաճյուղերն ուներ «Արցախբանկը», մնացած 11 մասնաճյուղերը պատկանում էին «Հայբիզնեսբանկին», «Արդշինբանկին», «Յունիբանկին», «Հայէկոնոմբանկին», «Կոնվերս բանկին» եւ «Արարատբանկին»:
Ի տարբերություն ընդհանրական պատասխան տված ՀՀ կենտրոնական բանկի` առանձին առեւտրային բանկեր արդեն հանդես են եկել հայտարարություններով, թե ինչ են արել կամ պատրաստվում անելու այս իրավիճակում։ Մասնավորապես՝ «Արարատբանկը» պաշտոնական հայտարարություն է տարածել` նշելով, որ բռնի տեղահանման օրերին Ստեփանակերտի մասնաճյուղ դիմած ավելի քան 400 վարկառուի վերադարձվել են ոսկյա զարդերը, սակայն գործընթացը դեռ ավարտված չէ։ «Արարատբանկի» ջանքերով «Ստեփանակերտ» մասնաճյուղում գրավադրված ոսկյա զարդերը, որոնք չեն բաժանվել այդ մասնաճյուղում, տեղափոխվել են Երեւան»,- նշել են բանկից։
Երեւանում գործող «Արցախբանկ» ՓԲԸ–ի մասնաճյուղերը շարունակում են բնականոն ռեժիմով իրականացնել բանկային ծառայությունների լիարժեք սպասարկում, մասնավորապես՝ ներդրված ավանդների, հաշիվների, տեղական եւ միջազգային բանկային քարտերի: