Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան, France 2-ի եթերում անդրադառնալով ԼՂ-ում իրավիճակին, վերահաստատել է իր աջակցությունը Հայաստանին:
ԼՂ-ում էթնիկ զտումների մասին հարցին նախարարը պատասխանել է. «Մարդիկ ստիպված են իրենց նախնիների հողը լքել, ստիպված են դուրս գալիս այնտեղից` վերջին ռազմական գործողություններից հետո կամ նոր ռազմական գործողության սպառնալիքի տակ: Դա ինքնակամ ելք չէ»: Նա հույս է հայտնել, որ տեղահանվածները կկարողանան վերադառնալ ԼՂ:
Կոլոննան նշել է, որ Ադրբեջանը պարտավոր է հարգել միջազգային իրավունքը եւ իր պարտավորությունները։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներին, նա ասել է, որ այդ հարցն «օրակարգում չէ»:
Ընդգծելով, որ Ֆրանսիան արդեն վաղուց Հայաստանի բարեկամն է եւ հանդես է գալիս նրա կողմից՝ դիվանագետը հավելել է, որ Ֆրանսիան Հայաստանին աջակցում է նաեւ դիվանագիտական, քաղաքական առումներով, ինչպես նաեւ հումանիտար եւ բժշկական ոլորտներում:
Կատրին Կոլոննան վերահաստատել է, որ Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկոռնյուին հանձնարարել է գնահատել ՀՀ-ին ռազմական օգնություն հատկացնելու իրենց հնարավորությունը: Նա հրաժարվել է կոնկրետ ժամկետներ եւ զինատեսակներ նշելուց, որոնք Փարիզը կկարողանա փոխանցել Երեւանին: «Երեւանի հետ բանակցում ենք` գնահատելու համար՝ ինչ զինատեսակների կարիք կա: Դա նաեւ միջոց է` խուսափելու էլ ավելի բարդ իրավիճակից, որին այս անգամ, անկասկած, կհետեւեն Եվրոպայի կամ առնվազն Ֆրանսիայի դաժան պատժամիջոցները»,- ասել է Ֆրանսիայի արտգործնախարարը: