Վայոց ձորի Վայք համայնքը Արցախից տեղահանված մեր հայրենակիցների համար Հայաստանի երկրորդ դարպասն էր՝ Գորիսից հետո։
Սեպտեմբերի 26-ից բռնի տեղահանված արցախցիների հաշվառման կայանը տեղակայվել էր նաեւ Վայքի Մշակույթի տանը։ Շուրջ մեկ շաբաթ քաղաքի բնակիչներն ու կամավորներն ընդունել եւ Հայաստանի տարբեր անկյուններ են ճանապարհել տեղահանված արցախցիների։
Վայքի համայնքապետ Մխիթար Մաթեւոսյանը «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում հայտնեց, որ այդ հաշվառման կայանում ավելի քան 40 հազար արցախցու են գրանցել։ Հոսքը շատ է եղել, բայց կարողացել են ինքնակազմակերպվել, ապահովել անհրաժեշտ պայմանները։
«Ամեն ինչ արել ենք, որ մեր հայրենակիցներն այդքան փորձություններից հետո գոնե մեզ մոտ դժվարությունների չհանդիպեն, գրանցումներն ու թղթաբանությունն էլ հնարավորինս արագ լինի։ Կարծես ստացվել է, դժգոհող չի եղել»,- ասում է նա։
Վերջին օրերին թյուր կարծիք է տարածվել, թե բոլոր արցախցիները միանշանակորեն հրաժարվում են սահմանամերձ բնակավայրերում տեղակայվելուց եւ նախընտրում են միայն Երեւանն ու մայրաքաղաքին մերձ բնակավայրերը։ Վայքի համայնքապետն ասում է՝ շատերն են դա ցանկանում, ինչը բնական է՝ պատերազմից են եկել, բայց բազմաթիվ քաղաքացիներ էլ պատրաստ են գյուղերում բնակություն հաստատելու։
Դեռեւս ոչ վերջնական տվյալներով Վայք համայնքում, այդ թվում՝ սահմանամերձ եւ սահմանապահ գյուղերում՝ Մարտիրոսում, Բարձրունիում, Սերսում ու Խնձորուտում, շուրջ 880 արցախցի է հաստատվել։
«Գյուղերում հաստատվողներին խոստացել ենք՝ ամեն ինչ անելու ենք աջակցելու եւ ապրելու համար լավ պայմաններ ստեղծելու համար։ Այս պահին նաեւ համայնքի հյուրանոցներում ու հյուրատներում հաստատված արցախցիներ կան, որոնք նույնպես ուզում են այստեղ հաստատվել, տներ ենք գտնում, տեղավորում»,-հայտնում է համայնքապետը։
Հաշվառման կայանի աշխատանքները սկսելու առաջին օրվանից հարյուրավոր վայոցձորցիներ կամավոր սկզբունքով մասնակցել են քաղաքացիների ընդունելության եւ աջակցության ծրագրերին։ Քսանմեկամյա Քրիստինեն նրանցից մեկն է։ Երբ տեսել է՝ Մշակույթի տունը հարմարեցնում են քաղաքացիների ընդունելության կարիքներին, միանգամից մոտեցել է, առաջարկել իր օգնությունը։
Քրիստինեին էլ միացել են համալսարանական ու աշխատանքային իր ընկերները։ Վաղ առավոտյան արդեն հաշվառման կետում են եղել, ուշ երեկոյան վերադարձել տուն։
«Մեր աշխատանքը հիմնականում համակարգչով էր։ Գրանցել ենք բռնի տեղահանվածների անձնական տվյալները, ընտանիքների կարիքներն, առաջարկել կացության վայրեր»,- պատմում է Քրիստինեն։
Արցախցիներին առաջարկել են թափուր բնակավայրերի ցանկը, համաձայնության դեպքում տրանսպորտային միջոցներ տրամադրել։ Այն դեպքերում, երբ նրանք ունեցել են նախընտրելի բնակավայրեր, գրանցել են այդ հասցեները։ Կամավորական աշխատանքների ընթացքում նրանց միացել են նաեւ մայրաքաղաքից ու հարեւան մարզերից։ Կամավոր աղջիկն ասում է՝ չեն էլ զգացել՝ ով որտեղից է։
«Շատ արագ ենք համախմբվել, աշխատանքի բաժանում արել։ Որեւէ մեկը չի ուղղորդել, բայց տպավորություն էր, թե յուրաքանչյուրն իր անելիքը գիտի․ լուռ անում էինք՝ առանց մեկս մյուսին խանգարելու»,- պատմում է Քրիստինեն։
Ծանրաբեռնված աշխատանքից կամավորները չեն դժգոհում։ Դժվար է եղել հոգեբանական առումով։ Հազարավոր պատմություններ են լսել կորցրած կյանքերի ու հիշողությունների մասին։ «Ինչքան էլ փորձում էինք աջակցել, միեւնույնն է, մենք ո՛չ իրենց տեսածն ենք տեսել, ո՛չ զգացածը՝ զգացել։ Տարբեր տրամադրություններով ու մոտեցմամբ մարդիկ էին գալիս․ մեկը մի քիչ կոպիտ էր, մյուսը՝ շատ լուռ»,- ասում է Քրիստինեն։
Հաշվառման կայանից զատ՝ արցախցիներին տարբեր հարցերով աջակցելու համար վայքեցիները մի քանի նախաձեռնություն են արել՝ հագուստի, հիգիենիկ պարագաների ու սննդի հավաքումից մինչեւ բնակարանների տրամադրում։
Հավաքված պարագաները բաժանել են թե՛ Վայքում գրանցվող եւ այլ մարզեր տեղափոխվող արցախցիներին, թե՛ համայնքում տեղակայվածներին։
Կամավորների աշխատանքը տուն գնալուց հետո էլ չի ավարտվել։ «Գիշերները հանգիստ քնել չէր ստացվում։ Իջնում էինք բակ, քայլում փողոցներում։ Եթե մարդիկ էին լինում, որ ստիպված էին ավտոմեքենաներում գիշերել, հրավիրում էինք տուն, քնելու տեղ առաջարկում»,- ասում է մեր զրուցակիցը:
Այժմ Վայքի հաշվառման կայանի աշխատանքները դադարեցվել են։ Այն արցախցիները, որոնք ո՛չ Վայքի, ո՛չ Գորիսի հաշվառման կայաններում չեն գրանցվել, կարող են մոտենալ իրենց տեղակայման համայնքապետարաններ կամ թաղապետարաններ։
Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է: