Արցախից բռնի տեղահանված անձանց այսօրվանից կփոխանցվի պետության տրամադրած 100 հազար դրամ միանվագ օգնությունը։ Դրա մասին Հումանիտար կենտրոնում ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Նա հավելել է, որ ՀՀ կենտրոնական բանկն արդեն առավել քան 50 հազար անձի բանկային քարտային տվյալներ է փոխանցել միասնական սոցիալական ծառայություն։ Ներկայում տեղի է ունենում տվյալների համադրման գործընթաց։
Բաղդասարյանը բանկային հաշիվ չունեցողներին հորդորել է հոկտեմբերի 6-ի աշխատանքային օրը բաց չթողնել եւ լուծել այդ հարցը գումարը ստանալու համար։
Միաժամանակ յուրաքանչյուր ընտանիքի բնակության ծախսերը հոգալու համար մեկ անձի հաշվով տրամադրվելու է ամսական 40 հազար դրամ։ Յուրաքանչյուր անձի կոմունալ բոլոր ծախսերի համար տրվելու է նաեւ ամսական 10 հազար դրամ։
ՀՀ տարածքում անշարժ գույք ունեցող ընտանիքները չեն կարողանա օգտվել աջակցության վերջին երկու տեսակից։