«Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանն անդրադարձել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հայտարարությանը: Վերջինս ասել էր, թե Հայաստանը Գրանադայում «ինչ ցանկացել է, ստացել է՝ հասնելով լուրջ հաղթանակի»:
Հպանցիկ վերլուծելով ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում Գրանադայում անցկացված հանդիպումներն ու հայտարարությունները՝ Զուրաբյանը նշել է, որ իրականում Հայաստանը դարձյալ միակողմանիորեն Արցախով եւ անկլավներով հանդերձ ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Մինչդեռ, ըստ քաղաքական գործչի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, չստորագրելով Հայաստանի կողմից միակողմանի ընդունված խաղաղության փաստաթուղթը, որեւէ պարտավորություն չստանձնեց Հայաստանի եւ արցախահայության նկատմամբ:
Զուրաբյանը շեշտել է, որ Հայաստանն ընդամենը ստացավ իր տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը եւ սահմանների անխախտելիությանը աջակցելու եւ նյութական օգնություն տրամադրելու մասին Բրյուսելի, Փարիզի եւ Բեռլինի հավաստիացումները։
«Եվ սա Փաշինյանի կառավարությունը ներկայացնում է որպես հաղթանակ»,- եզրափակել է Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահը: