Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Իրանի ճանապարհների եւ քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ մոտ ապագայում «3+3» (Ադրբեջան, Վրաստան, Հայաստան, Թուրքիա, Ռուսաստան եւ Իրան) ձեւաչափով հանդիպումներ են լինելու։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ալիեւը նշել է, որ «3+3» համագործակցության ձեւաչափի հանդիպման նախաձեռնողն Ադրբեջանն է:
«3+2» ձեւաչափով առաջին եւ առայժմ վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերին Մոսկվայում։ Նշենք, որ Ռուսաստանի հետ խնդիրների պատճառով Վրաստանն առ այսօր հրաժարվում է հարթակի աշխատանքներին մասնակցելուց:
Իսկ 2023-ի սեպտեմբերի 26-ին Ռուսաստանի եւ Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Էբրահիմ Ռաիսին հերթական հանդիպման ժամանակ հետաքրքրություն են հայտնել «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի աշխատանքի ակտիվացման հարցում։